Լուրեր

Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

19.07.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին:
Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչև 16:00-ն կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցերով եղել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում ու անձամբ լսել բնակիչներին:
Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են պարբերաբար ու շարունակական. <<Սա ևս մեկ առիթ է մեր քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծումներ տալու և, ինչու չէ, նաև տեսնելու վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի շփումը քաղաքացիների հետ: Սա դառնալու է ավանդույթ, և լինելու ենք բոլոր վարչական շրջաններում ու միայն սրանով չի սահմանափակվելու քաղաքացիների հետ մեր շփումը>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես այս, այնպես էլ վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային շրջայցերի ընթացքում քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց բացի, առաջիկայում կմշակվեն նաև այլ մոտեցումներ՝ նման շփումներն առավել հաճախակի դարձնելու ուղղությամբ:
Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի ու ջերմ ընդունելության համար՝ նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է և տալիս է իր դրական արդյունքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետևողականություն և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:

← Վերադառնալ ցուցակին