Լուրեր
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի եւ հայկական համայնքի նախագահի հետ
16.07.2013
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին եւ Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն:
ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով, կարեւորեց երկու երկրների քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ Սալոնիկի եւ Գյումրու միջեւ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Հայոց ցեղասպանությունից. երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց համատեղ ուժերով պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի եւ ֆաշիզմի դեմ:
Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեց զարգացնելու Սալոնիկի եւ Գյումրու միջեւ համագործակցությունը, հատկապես մշակութային ոլորտում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2014 թվականին Սալոնիկը հռչակվելու է Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք:
Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ պետք է ամեն ինչ անել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցությունը դարձնելու ավելի ակտիվ ու արդյունավետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության, դարերով ձեւավորված բարեկամության ու փոխադարձ հարգանքի: