Լուրեր

Ամփոփվեցին Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքները

16.07.2013

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բելառուսի Հանրապետությունում: Մինսկում խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Այցի ընթացքում փոխխոսնակը հանդիպումներ է ունեցել Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու հետ: Հայկական պատվիրակությունը հանդիպել է Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ինչպես նաեւ Բրեստի մարզի նահանգապետ Կոնստանտին Սումարի հետ: Ինչպես նշեց Էդուարդ Շարմազանովը, հանդիպումների ժամանակ անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնահարցին, մասնավորապես Ադրբեջանի կողմից իրականացվող սպառազինության մրցավազքին եւ տարածաշրջանում դրա վտանգավորությանը:

ԱԺ փոխնախագահը Հայոց մեծ եղեռնի 100 ամյակին ընդառաջ Բելառուսի գործընկերներին առաջարկել է աշխատել հայտարարության կամ բանաձեւի վրա, որտեղ կդատապարտվի ազգերի դեմ ուղղված ռասիզմի եւ ֆաշիզմի ցանկացած երեւույթ: Հանդիպումների առանցքում եղել է նաեւ օրակարգային երկու հարց, որոնք կրել են քաղաքական եւ առեւտրատնտեսական շեշտադրումներ: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք խնդիրներ:

Հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ՝ Հայաստան-Բելառուս բարեկամական խմբի անդամներ Հովհաննես Մարգարյանն ու Մարտին Սարգսյանը: Վերջինս նշեց, որ առաջիկայում կստեղծվի ենթահանձնաժողով, ուր կընդգրկվեն տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նպատակը մեկն է լինելու՝ վեր հանել առկա խնդիրները, որոնք կնպաստեն երկկողմանի բիզնեսի զարգացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ազատ տնտեսական գոտու շրջանակում կազմակերպել երկու երկրների գործարարների համաժողով: Հովհաննես Մարգարյանը հատկանշական համարեց ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ընդգծեց, որ դրանք կարեւոր են ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների համար: Հաշվի առնելով, որ հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին, ուստի աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանում Բելառուսի առեւտրի տուն ստեղծելու ու երկու երկրների միջեւ մարզային, համայնքային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Բանախոսները ուրախությամբ փաստեցին, որ Սյունիքի ու Մինսկի մարզերի միջեւ համագործակցության մեկնարկն արդեն տրվել է, իսկ Արարատի ու Բրեստի մարզերի միջեւ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել: Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի գործընկերների ուղեկցությամբ այցելել է Բրեստի ամրոց-հերոս հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել «Անհայտ զինվորի», ինչպես նաեւ ամրոցի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված 8 հայ քաջորդիների շիրիմներին: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Բրեստի մարզի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել հուշահամալիրի տարածքում տեղադրելու հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքար:  

← Վերադառնալ ցուցակին