Լուրեր
Տարոն Մարգարյանը ծանոթացել է <<Արևելքից՝ Արևմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ>> խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին
13.07.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ օրերս բացվել էր <<Արևելքից՝ Արևմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ>> խորագիրը կրող ցուցահանդեսը:
<<Ոսկե Ծիրան>> կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված էր հայ գեղարվեստի հարյուրամյա պատմությունը՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը:
Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Հայ մեծանուն վարպետների գործերի կողքին ներկայացված էին նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ:
Մեկ հարթակի վրա ներկայացված բարձրարժեք գործերի շարքում էին հայ մեծ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինասի, Ժանսեմի, Գառզուի, Բաշինջաղյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքները:
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները դիտելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազմակերպիչների խնդրանքով իր ինքնագիրն է թողել ցուցահանդես այցելած պատվավոր հյուրերի համար առանձնացված ցուցանակին: