Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին

10.07.2013

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց Սիրիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ զարգացումները` վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում իր երկիրը կհաղթահարի ճգնաժամը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, որից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա հույս հայտնեց, որ սիրիացի ժողովրդի ողջախոհությունը կհանգեցնի ճգնաժամի հանգուցալուծմանը եւ Սիրիայում կհաստատվի խաղաղություն, ներքաղաքական կայունություն եւ հասարակական համերաշխություն:  

← Վերադառնալ ցուցակին