Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը

09.07.2013

Հուլիսի 9-ին ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը: Մինչ տոնական մասին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը ՀՊՏՀ ռեկտորի ուղեկցությամբ շրջեց տարածքում, ծանոթացավ կատարված շինաշխատանքներին ու բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորեց շրջանավարտներին հիշարժան օրվա եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բուհն ավարտելը նշանակալի իրադարձություն է յուրաքանչյուր մարդու կյանքում: Բարձրագույն կրթությունը շատ կարեւոր է հատկապես ներկա զարգացումների համատեքստում, երբ բոլոր ոլորտների զարգացման շարժիչ ուժը կրթությունն է, գիտելիքը: «Վստահ եմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սովորելը մեծ պատիվ է եղել ձեզ համար, քանի որ մեր համալսարանը տնտեսագետ կադրեր պատրաստող լավագույն բուհերից է : Համոզված եմ, որ այստեղ դուք ստացել եք անհրաժեշտ գիտելիքներ եւ մեծ կյանք եք մտնում գիտելիքների հարուստ պաշարով: Համոզված եմ, որ այստեղ դուք ստացել եք անհրաժեշտ գիտելիքներ եւ մեծ կյանք եք մտնում գիտելիքների հարուստ պաշարով: Բացի գիտելիքներ ստանալուց, հուսով եմ, դուք ձեռք եք բերել լավ ընկերներ, կյանքի փորձ եւ ունեք մեր երկրի, պետության համար լավ քաղաքացի լինելու հատկանիշները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Շարունակելով ելույթը` ԱԺ նախագահը փաստեց, որ անցնող տարիներին համալսարանի ղեկավարությունը կրթության որակի բարձրացմանը միտված կարեւոր ծրագրեր է իրականացրել, որոշակի քայլեր են ձեռնարկվել նաեւ համալսարանի միջավայրի բարելավման եւ այն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ եւ ընդգծեց, որ բուհի քաղաքականությունն ուսանողակենտրոն է: Նա վստահեցրեց, որ կատարված քայլերը, որոնք շարունակական են լինելու, միտված են ուսանողների պահանջների բավարարմանը:
«Մենք միշտ եղել ենք ձեր կողքին, խրախուսել բուհի դրական նախաձեռնությունները»,- հավելեց Հովիկ Աբրահամյանը: Ամփոփելով խոսքը ՀՊՏՀ խորհրդի նախագահն ասաց. «Սիրելի շրջանավարտներ, վստահ եմ, որ այս օրը անմոռանալի է լինելու ձեզ համար: Հետագայում դուք հաճախ եք հիշելու ձեր հարազատ բուհը, ուսումնառության տարիները, բազմաթիվ առիթներ եք ունենալու ուսման այս տարիները արժեւորելու համար: Մենք ձեզ մեծ կյանք ենք ճանապարհում լավագույն բարեմաղթանքներով` համոզված լինելով, որ դուք այստեղից դուրս եք գալու արժանապատիվ կյանք կերտելու հմտություններով եւ գիտակցությամբ: Հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր նախաձեռնություններում, առաջընթաց աշխատանքում, ձեռքբերումներ նաեւ անձնական կյանքում: Իմ ցանկությունն է, որ ձեր մասնագիտական ունակություններն ու հմտությունները ծառայեն մեր երկրի, նրա տնտեսության զարգացմանը: Դա հպարտանալու լուրջ առիթ կդառնա մեզ համար եւ լավ ազդակ` շարունակելու կրթության որակի բարձրացմանը միտված մեր քայլերը: Ամենայն բարիք ձեզ եւ բարի ճանապարհ»:

Ավարտական միջոցառմանը ելութներով հանդես եկան նաեւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը եւ ՀՊՏՀ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը: Նշենք, որ 2012-2013 ուսումանական տարում առկա բակալավրիատն ավարտեց 1255, իսկ մագիստրատուրան` 595 ուսանող: 

← Վերադառնալ ցուցակին