Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ԼՂՀ

06.07.2013

Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում ԱԺ նախագահին դիմավորեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ԱԺ նախագահը ծանոթացավ Արցախի հարավային մասում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան ՀՀ եւ ԼՂՀ մարզերի եւ շրջանների միջեւ համագործակցության հարցերին: Բակո Սահակյանը նշեց, որ այս համատեքստում առանձնակի կարեւորություն ունի ԼՂՀ հարավային թեւը, որտեղ առկա է լուրջ ներուժ արդյունաբերության եւ գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար: Նրա խոսքով` համագործակցությունն փոխշահավետ կլինի երկու հանրապետությունների համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը եւ ողջունեց ԼՂՀ իշխանությունների հերթական մեծամասշտաբ ծրագրերի իրականացման մեկնարկը: Նա կարեւորեց ԼՂՀ հարավային մասի հողային եւ ջրային ռեսուրսների օգտագործումը, քանի որ ծրագրի իրականացման դեպքում կլուծվի այդ մասի վերաբնակեցման, նոր աշխատատեղերի ստեղծման հարցը նույնպես: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ մի շարք խոշոր ընկերություններ ներդրումներ կանեն՝ արդյունավետ դարձնելով ծրագրի իրագործումը: Ամփոփելով իր խոսքը՝ նա ավելացրեց, որ որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ինքը կնպաստի ներդրումների ավելացմանը, ծրագրի արդյունավետ իրականացմանը:  

← Վերադառնալ ցուցակին