Լուրեր

ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին

04.07.2013

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ եվրաինտեգրումը եղել եւ մնում է մեր երկրի առաջնահերթություններից մեկը: Նա հույս հայտնեց, որ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ, իսկ վերջերս նաեւ այդ կառույցում նախագահությունն ստանձնած երկիր, կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Էդուարդ Շարմազանովը դեսպանին ծանոթացրեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությանը. մասնավորապես նա խոսեց ԼՂ հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերի եւ Հայաստանը շրջափակելու թուրքական քաղաքականության անթույլատրելիության մասին:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը, բարձր գնահատելով Հայաստանի վարած տարածաշրջանային կայունության ու հարեւանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը, նշեց, որ Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին: Նա ողջունեց նաեւ եվրաինտեգրման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի հետեւողականությունը եւ հավաստիացրեց, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու Հայաստանին այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  

← Վերադառնալ ցուցակին