Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը համաեվրոպական խորհրդաժողովում
03.07.2013
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ հարգարժան պարոն Շպիլման,
Վենետիկի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ջանի Բուքիքիո,
Սահմանադրական դատարանների հարգարժան նախագահներ,
խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
տիկնայք եւ պարոնայք,
Թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Մենք շատ ուրախ ենք Երեւանում՝ Հայաստանի խորհրդարանի հարկի տակ հյուրընկալել «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը:
Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, այլեւ փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին եւ պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին:
Հարգելի բարեկամներ,
Ինչպես տեղյակ եք ընդամենը երկու օրից Հայաստանը նշելու է Սահմանադրության օրը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք համապետական տոնի առթիվ: Երիտասարդ ժողովրդավարությամբ պետություն լինելով հանդերձ՝ Հայաստան Հանրապետությունը ունի սահմանադրական սկզբունքների հարուստ ավանդույթներ՝ իրավունքի նորմերի ու մեր ազգային արժեհամակարգի հաջողված համադրումով: Մասնավորապես, այս տարի լրանում է 18-րդ դարի հայ հայտնի հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատության 240-ամյակը: 1773 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած աշխատությունը, դեռեւս 18-րդ դարում սահմանելով ժամանակակից ժողովրդավարական պետության մոդելը, ըստ էության, սահմանադրություն էր, ընդ որում՝ բավականաչափ առաջավոր եվրոպական մտածողությամբ:
Հարգելի բարեկամներ, տիկնայք եւ պարոնայք,
Այն, որ երեւանյան խորհրդաժողովին հրավիրված են եւ այսօր նրա աշխատանքներին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 30 երկրների տարբեր բարձրաստիճան պատվիրակություններ` ի դեմս խորհրդարանների, սահմանադրական դատարանների եւ ընդհանուր իրավասության բարձրագույն դատական ատյանների, արդարադատության նախարարությունների, մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների ներկայացուցիչների, վկայում է խորհրդաժողովի ընտրած թեմայի արդիականության եւ դրանում ներառված տարբեր հարցադրումների ու խնդիրների հրատապության մասին:
Ցանկանում եմ առանձնահատուկ նշել, որ համաեվրոպական երեւանյան խորհրդաժողովի թեման մեծապես կարեւորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Խորհրդաժողովն իրական հնարավորություն է՝ քննարկումների, գնահատականների ու առաջարկությունների միջոցով իրավունքի գերակայությունը ավելի հասանելի ու ընկալելի դարձնել ոչ միայն եվրոպական մայրցամաքի անմիջական դերակատարների, այլ նաեւ մեր տարածաշրջանի այն երկրների ու իշխանությունների համար, որոնք, կարծում եմ, լուրջ անելիքներ ունեն այդ բնագավառում: Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի օբյեկտիվորեն գնահատել իրավիճակն իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների եւ իշխանությունների հայեցողության տեսանկյունից:
Հարգելի գործընկերներ,
խորհրդաժողովի թեման այժմեական է Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող շատ պետությունների եւ ոչ միայն նրանց համար: Վստահ եմ, որ անմիջական ու բազմակողմ քննարկման այս ձեւաչափի ընթացքում հնարավոր կլինի ծավալել խոր ու հետաքրիր քննարկումներ:
Հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին եւ հուսով եմ, որ դուք նաեւ հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր հինավուրց երկրին: