Լուրեր

Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր

01.07.2013

 Երևանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև Առողջապահության և Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են մայրաքաղաքում համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։
Բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության ղեկավար, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն նշել է, որ իրենց կազմակերպությունը հետաքրքված է ոլորտի երևանյան միջավայրով և առաջարկել է աջակցության կամ համագործակցության եզրեր փնտրել։
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանն ընդգծել է, որ Երևանի մի շարք բուժհաստատություններ իրենց մատուցած որակյալ բուժծառայություններով կարող են նաև հետաքրքրել բազմաթիվ երկրների քաղաքացիների և, ըստ այդմ, նպաստել բժշկական զբոսաշրջության զարգացմանը։
<<Այցի ընթացքում նախատեսել ենք լինել Երևանի մի քանի բուժհաստատություններում՝ ուսումնասիրելու հնարավորությունները, առաջարկները: Դա կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցություն սկսելուն>>,- նշել է Բժշկական տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն։

← Վերադառնալ ցուցակին