Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

28.06.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը և դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձևավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:

Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրաքի միջև, Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ ևս:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ղազի Տահեր Խալեդը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին