Լուրեր

Բացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը

21.06.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը:
Կառավարության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մենք մեծածավալ աշխատանք ենք կատարել և արդյունքներն էլ ակնառու են: Եթե հիշենք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ինչպիսին էին արդյունքները հինգ տարի առաջ, ապա այսօր կտեսնենք ահռելի մեծ առաջընթաց: Ընդ որում, կարող ենք արձանագրել, որ դա առաջընթաց է նաև միջազգային համեմատությունների մեջ: Մենք կարողացել ենք էական առաջընթաց արձանագրել ՏՏ հասանելիության տեսակետից, ինչպես նաև նորարարական, նոր գիտելիքների, տաղանդաշատ երիտասարդների կողմից ստեղծված արտադրանքի ծավալների առումով: Դա ուրախացնում է և ոգեշնչում»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ դրա վառ վկայությունն է նաև այն հանգամանքը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն այսօր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են հենց Հայաստանի Հանրապետությանը և այստեղ են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ դրան մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում՝ Սիլիկոնյան հովտում անցկացվող ֆորումները, որոնք մեր երկրին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել Սիլիկոնյան հովտի, մասնավորապես, աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և այդ խողովակներով խթանել ՏՏ զարգացումը ՀՀ-ում:
«Կարծում եմ՝ բավականին լուրջ առաջընթաց էր, երբ մենք Սիլիկոնյան հովտում բացեցինք ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Մենք պարտավոր ենք օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ տարեկան 10-15 տոկոսանոց աճ ապահովող ՏՏ ոլորտն այսօր ՀՀ կառավարության առջև առաջին հերթին դնում է կադրերի պատրաստման խնդիր, որպեսզի բուհերը կարողանան տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարել այս ոլորտին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ մրցակցությունն այս բնագավառում ուժգնանում է առաջին հերթին բարձր որակի կադրերի ներգրավման տեսակետից: Դրա համար կադրերի պատրաստման քաղաքականությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և պետական պատվերը տեղաբաշխելիս կամ բուհերի ծավալային ընդլայնման խնդիրները պլանավորելիս առաջնահերթություն է տրվում հենց ՏՏ բնագավառին:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «էլեկտրոնային կառավարություն» համալիր ծրագիրը, որն իրականացվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի հետ, լուրջ խթան է հանդիսանում այս ոլորտի զարգացման համար: «Այսօր եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ պետություն, ունենալ մրցունակ մասնավոր հատված, ապա ակնհայտ է, որ առանց լայնածավալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման այդ մրցակցային առավելությունը չենք ունենա: Դրա համար այն ընկերությունները, պետական կառույցները, որոնք թափով ներդնում են տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ բարձրացնում են իրենց արտադրողականությունը և դառնում մրցունակ: Սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն և այս ուղղությամբ մենք մասնավոր հատվածի հետ պետք է իրականացնենք համալիր ծրագիր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև վարչապետը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք մեր քաղաքացիներին տվել են դրական, տեսանելի և շոշափելի արդյունքներ:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանն առանձնացրել է ձեռնարկությունների պետական ռեգիստրում և կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումը:
Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ՝ երրորդ ուղղությունը, որտեղ սկսվել է լայնածավալ ՏՏ-ի կիրառում՝ հարկային և մաքսային բնագավառն է, ինչը մի կողմից կրճատելով հարկ վճարողների շփումը այս ոլորտի աշխատողների հետ՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից՝ այդ համակարգը դարձնում թափանցիկ և վերահսկելի:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակն արդեն ներմուծվել է Հայաստան: Բարձր արտադրողականության, բազմաֆունկցիոնալ շուրջ 7500 ՀԴՄ-ներ, որոնք ունեն հսկողական բարձր հնարավորություններ, թույլ են տալիս ոչ միայն իրականացնել հաշվառում, ստանալ հաշվետվություններ, այլև քարտային վճարումներ, հուլիսի 1-ից առաջին հերթին կտրամադրվեն խոշոր բիզնեսին:
Միաժամանակ, սկսած 2014 թվականի հունվարի մեկից 60 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ևս հնարավորություն կունենան օգտվել այդ ՀԴՄ-ներից, ինչն էապես կբարելավի վարչարարությունը հարկային և մաքսային ոլորտում:
«Աշխատանքների հաջորդ ուղղությունը մեր շփումներն են մասնավոր հատվածի հետ: Կարևոր է, որ մենք մշտապես ձեզնից ստանանք ազդակներ, թե ՀՀ-ում ինչ հանգամանքներ կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և կառավարությունն ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր լինի ու ՏՏ ոլորտը թափով զարգանա: Այդ տեսակետից, մենք նաև մեծ հույսեր ենք կապում այս բիզնես ֆորումի հետ ու մեծ ուշադրությամբ հետևում բոլոր քննարկումներին ու առաջարկություններին: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՏՏ ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Սա հաջողված պատմություն է մեր պետական ծրագրերի իրականացման բնագավառում, քանի որ ակնառու են արդյունքները: Մենք պարտավոր ենք այս ձեռքբերումների հիման վրա երաշխավորել ու ապահովել ավելի բարձր աճի տեմպեր, քանի որ ՏՏ-ի սերտաճումը բոլոր բնագավառների հետ մեզ դարձնելու է ավելի մրցունակ պետություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող քաղաքականության և ՏՏ բնագավառում ԱՄՆ-ի հետ սերտորեն համագործակցելու համար: Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինքը վարչապետ Սարգսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցել է ԱրմԹեք համաժողովին և նշել, որ այդ համաժողովը ամերիկյան և հայկական ընկերությունների սերտ համագործակցության լավ օրինակ է: «ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարևոր է, որպեսզի ՏՏ ընկերությունները և տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում և նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաև էլեկտրոնային կառավարման առումով»,- ասել է Ջոն Հեֆերնը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ոլորտի զարգացմանը խթանելու և բազմաթիվ նորարարական ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:
ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցում են 62 կազմակերպություններ, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն:

← Վերադառնալ ցուցակին