Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով

21.06.2013

 Սիրելի բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք՝ պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով, ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաև կյանք: Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անում եք ամեն ինչ՝ հիվանդին փրկելու ու մարդկանց առողջությունը վերականգնելու համար:
Քաղաքային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով շոշափելի գումարներ տրամադրվեցին բժշկական նոր սարքավորումների ձեռքբերման ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերազինման նպատակով:
Տարեցտարի արդիականացող մեր բուժհաստատությունները, մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված փորձի փոխանակման տարբեր, այդ թվում նաև միջազգային ծրագրերը, ավելի ու ավելի են բարձրացնում ձեր մասնագիտական հմտություններն ու, դրանով իսկ, մեր բնակչությանը մատուցվող բուժծառայությունների որակը: Հետզհետե ավելի շատ բուժհաստատություններ են ընդգրկվում քաղաքապետարանի կողմից իրականացվող նորոգման ու հիմնանորոգման ծրագրերում: Ու վստահեցնում եմ, որ առողջապահության ոլորտն այսուհետ նույնպես լինելու է Երևանի քաղաքպետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին