Լուրեր

Անցկացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

17.06.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նաև նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու և միջոցառմանը մասնակցելու համար՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին խորհրդանշական հուշանվեր է հանձնել:
Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Մինչ հուշամրցաշարի մրցութային մենամարտերի մեկնարկը, մարզաձևի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

← Վերադառնալ ցուցակին