Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները

11.06.2013

 Հունիսի 11-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է Երևանի ավագանու ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը։ Երդմնակալության արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Երևանի նախկին քաղաքապետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և մշակութային գործիչներ։Երևանի 54-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:Այնուհետ Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն է հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:

Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երևանցիները վստահեցին, քանի որ, ըստ Հանրապետության Նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:<<Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության և տքնաջան աշխատանքի պահերը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի>>,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել: Իբրև օրինակ, Հանրապետության Նախագահը ներկայացրել է քաղաքապետի և ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երևանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երևանցիների վստահությունը: 90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երևանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի:Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ ապագա չորս տարիների ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է, և Երևանի քաղաքապետարանը գնալով ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, ավելանալու են պետության կողմից տրվող միջոցներն, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել:
<<Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երևանում այլևս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երևանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ` և՛ երևանցիների համար, և՛ իր հյուրերի համար>>,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություն մաղթել նորընտիր քաղաքապետին, Երևանի ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակազմին:

← Վերադառնալ ցուցակին