Լուրեր

Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

04.06.2013

Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն: Պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք :

Առաջին հանդիպումը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ էր:

Լատվիայի Սաեյմայի նախագահը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու եւ Լատվիա այցելելու համար: Տիկին Աբոլտինան բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված քաղաքական հարաբերությունները: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը եւ խորացումը` համոզմունք հայտնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Լատվիայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ խորհրդարանների միջեւ գործակցության խորացմանը նպաստում են բարեկամության խմբերը եւ ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը ամենամեծաթիվներից է. այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ: Նա բարձր գնահատեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը եւ պատրաստակամություն հայտնեց փոխանցելու եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարեւոր համարեց նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան: Սաեյմայի նախագահը կարեւորեց համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին շրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել, ինչը միանշանակ վկայում է հարաբերությունները Էլ ավելի զարգացնելու երկուստեք ցանկությունը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` միջպետական հարաբերությունները խորացնելու գործում կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա նշեց, որ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամական խումբը, որի արդյունավետ աշխատանքը խթանում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց,որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրամիության հետ համագործակցության խորացմանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթաժողովում նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: «Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Արեւելյան գործընկերությանը եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, որը կարեւոր հանգրվան պետք է հանդիսանա ԵՄ-Արեւելյան գործընկերներ փոխհարաբերությունների հետագա խորացման համար: Մայիսի 16-ից Հայաստանը ստանձնեց նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Սա մեծ պատասխանատվություն է եւ, միաժամանակ, հնարավորություն մեր սեփական ներդրումն ունենալ կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այսօր, երբ Լատվիան արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2015թ. ԵՄ նախագահության ստանձնմանը, ուզում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը եւ ցանկությունը ակտիվորեն ներգրավվելու Արեւելյան գործընկերության օրակարգի ձեւավորման գործընթացում»:

Առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով կողմերը կարեւորեցին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ Ռիգայում հունիսի վերջին կայանալիք հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները հանոզմունք հայտնեցին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ հույս հայտնեց, որ Լատվիան, ինչպես աշխարհի երկու տասնյակից ավել երկրներ, կճանաչի եւ կդատապարտի ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ իրագործված այդ ոճրագործությունը:

Հովիկ Աբրահամյանը տիկին Աբոլտոնիային պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան.հրավերը սիրով ընդունվեց:

Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Սոլվիտա Աբոլտինան լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ:

ԱԺ նախագահը Սաեյմայի նախագահի ուղեկցությամբ շրջայց կատարեց Լատվիայի խորհրդարանի շենքում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները այցելեցին Ազատության հուշահամալիր, որը հանդիսանում է Լատվիայի անկախության խորհրդանիշը: Հուշակոթողի մոտ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, հնչեցին երկու պետությունների օրհներգերը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի հետ: ԱԺ նախագահը շնորհավորեց Ռիգայի քաղաքապետին վերընտրվելու կապակցությամբ եւ դրական գնահատեց Երեւանի եւ Ռիգայի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` հայ-լատվիական հարաբերությունների զարգացման եւ խորացման համատեքստում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացման միտումներ են արձանագրվում : Ռիգայի քաղաքապետը ներկայացրեց քաղաքի կառավարման համակարգը: Նա տեղեկացրեց, որ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք եւ այդ կապակցությամբ ակնկալում է Երեւանի քաղաքապետարանի մասնակցությունը նախատեսվող տոնական միջոցառումներին:  

← Վերադառնալ ցուցակին