Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2013

 Սիրելի փոքրիկներ,
ամբողջ աշխարհի հետ մայրաքաղաք Երևանն էլ է այսօր նշում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր, առավել քան տարվա բոլոր մյուս օրերին, մեր ուշադրությունը սևեռված է ձեզ վրա, և բոլորիս ցանկությունն է ձեզ առանձնակի ուրախություն պարգևելը:
Երևանի քաղաքապետարանը ևս արել է հնարավորը, որ ձեր այս օրն առավել հաճելի ու հիշարժան դարձնի:
Եվ այսօր, ինչպես երևանցի, այնպես էլ աշխարհի բոլոր երեխաներին ի սրտե մաղթում եմ խաղաղ ու անհոգ մանկություն: Ուզում եմ, որ դուք, սիրելի փոքրիկներ, մեծանաք առողջ ու արդարացնեք ձեր ծնողների բոլոր հույսերը: Մենք՝ մեծերս, ամեն ինչ անում ենք ՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը, երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու ձեր իրավունքը, քանզի դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:
Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձեր քաղաքն է, ու դուք եք նրա վաղվա տերը:
Կապույտ երկինք, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ:

← Վերադառնալ ցուցակին