Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ

31.05.2013

 Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երևանում են բրիտանական <<Փրո Փոուզ>> կենդանիների բարեկեցության բարեգործականի, <<Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն>> միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչև հունիսի 4-ը Երևանում անցկացվող 10-օրյա դասընթացների կազմակերպման նպատակով: Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է թափառող կենդանիների վնասազերծման համար համալիր ու ժամանակակից ծրագրերի իրականացումը մայրաքաղաքում:
<<Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է լսելու ցանկացած առաջարկություն ու իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացման հարցում: Խնդիրն իսկապես արդիական է Երևանի համար և մենք կարևորում ենք այս հարցում միջազգային կառույցների հետ համագործակցությունը>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կենդանաբույժ վիրաբույժների թագավորական դպրոցի անդամ Մել Կավանան առանձնակի կարևորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը Երևանում ընթացող դասընթացների կազմակերպման հարցում և համագործակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Բրիտանական <<Փրո Փոուզ>> կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին կենդանիների պաշտպանությանն ուղղված միջազգային ծրագրերին գործուն աջակցություն և պատշաճ ուշադրություն հատկացնելու համար, ընդգծել է, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի միջազգային խոշորագույն կենդանապաշտպան կազմակեպությունների փորձն ուսումնասիրելու և Երևանում այն կիրառելու հարցում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր հերթին կարևորելով թափառող կենդանիների խնդրի կարգավորումը, հույս է հայտնել, որ օտարերկրյա մասնագետների փորձը շատ օգտակար կլինի Երևանի համար և որ այս հարցում միջազգային համագործակցությունը գործնական ընթացք կստանա:

← Վերադառնալ ցուցակին