Լուրեր

Հանդիպում Քուվեյթի Պետության ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ

30.05.2013

Մայիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները հանդիպեցին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը կնպաստի միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրա գնահատմամբ՝ ստեղծված է մեծ ներուժ, առկա են բոլոր հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի խթանման ու այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման համար: Միջխորհրդարանական կապերի զարգացման առումով նա կարեւորեց բարեկամական խմբերի հետեւողական աշխատանքն ու փոխայցերի ակտիվացումը:

Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց Քուվեյթի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Խորհրդարանի ղեկավարը անդրադարձավ տարածաշրջանային զարգացման ու անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է բոլոր ազգերի ու ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության ու բազմակողմ հարաբերությունների հաստատման կողմնակից: Նա ներկայացրեց խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու պատմական անարդարության փաստը, խոսեց Ադրբեջանի որդեգրած հայաթափման քաղաքականության, Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության ու ինքնորոշվելու հաստատակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնահարցի կարգավորման առկա իրողությունների մասին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ հիմնախնիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությանը, ապա շնորհակալություն հայտնեց արաբ ժողովրդին՝ այդ տարիներին կոտորածից մազապուրծ հայությանը աջակցելու ու հանգրվան տալու համար: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Թուրքիան ոչ միայն չի ուզում ճանաչել իր կատարած ոճրագործությունը, այլեւ այսօր էլ շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը եւ ամեն ինչ անում է՝ ձախողելու առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի նախաձեռնությունները: Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց այն միտքը, որ, չնայած առկա իրողություններին, Հայաստանը շարունակում է իր հարեւանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ համոզմունք հայտնեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հետայսու ավելի կամրապնդվեն երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ու քաղաքական կապերի զարգացմամբ: Նա բարձր գնահատեց Հայաստանի վարած կառուցողական ու խաղաղասիրական քաղաքականությունը եւ հույս հայտնեց, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով կլուծվեն հարեւանների հետ եղած բոլոր տարաձայնությունները, ինչը տեղի ունեցավ Իրաքի հետ Քուվեյթի հարաբերություններում: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Քուվեյթի կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ներդրման համար բարձր գնահատեց հայկական համայնքի դերը՝ քուվեյթահայերին բնութագրելով որպես բանիմաց ու օրինապաշտ քաղաքացիներ:

Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Քուվեյթ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավոր ներդրումներին: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ Հայաստանի հարկային դաշտը լիբերալ է ու նպաստավոր ներդրումների համար: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, նա առաջարկեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում կամ Քուվեյթ կատարելիք իր այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ գործարարների, որոնք համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցնեն իրենց անելիքները եւ կոնկրետ քայլեր կձեռնարկեն:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես եկան մամլո ասուլիսով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացնելով, որ հանդիպման ընթացքում Քուվեյթի ԱԺ նախագահի հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր, նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համագործակցությունը եւ քաղաքական եւ տնտեսական առումով։ Միաժամանակ արձանագրում, որ կա մեծ պոտենցիալ, մեծ ռեսուրս՝ համագործակցությունը ավելի ակտիվացնելու, ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար։

Հովիկ Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության վերաբերյալ։

«Մենք շնորհակալություն հայտնեցինք արաբ ժողովրդին, Քուվեյթի իշխանություններին այն վերաբերմունքի համար, որ իրենք ցուցաբերում են մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր ապրում եւ արարում են Քուվեյթում»,- ասաց ԱԺ նախագահը։ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

ԱԺ նախագահը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի մակարդակով փոխայցելությունների վերաբերյալ: Երկու երկրների խորհրդարանները կաջակցեն միջկառավարական հանձնաժողովներին, որպեսզի առավել զարգանա տնտեսական բնագավառում երկուստեք համագործակցությունը։

«Եվս մեկ անգամ ողջունում եմ Քուվեյթի ԱԺ նախագահին, պատվիրակության բոլոր անդամներին Հայաստան այցելելու առիթով, - ասաց ԱԺ նախագահը։

Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը շնորհակալություն հայտնելով այն ջերմ ընդունելություն համար, որն իրենք զգացել ու տեսել են Հայաստան ոտք դնելու առաջին իսկ պահից, ասաց, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական խոր արմատներ եւ այդ հանգամանքը պետք է հաշվի առնել ու առաջ շարժվել։ Քուվեյթի խորհրդարանի ղեկավարը նշելով, իրենց այցի նպատակն է նաեւ՝ ներդրում ունենալ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, ասաց, որ Հայաստան այցը նաեւ լավ առիթ է՝ հետագայում միջազգային կառույցներում համագործակցության համար։ Նա կարեւորեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակության այցը նաեւ այն առումով, որ իշխանություններից անձամբ են լսել եւ տեղեկացել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ։

«Մենք սրտանց ցանկանում ենք բարեկամ հայ ժողովրդին, որ իր բոլոր սահմանային հարցերը կարողանա կարգավորել խաղաղ ճանապարհով բոլորի հետ,- ասաց Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը։

Հայաստանի եւ Քուվեյթի խորհրդարանների ղեկավարները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին