Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Նորվեգիայի դեսպանին
29.05.2013
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-նորվեգական միջպետական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Արձանագրելով հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը եւ փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց Նորվեգիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:
Դեսպան Հաուգեն շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը` դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերում: Նա համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա նաեւ տնտեսության ոլորտում: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց այլ հարցերի եւս: