Լուրեր

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ

29.05.2013

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ <<Երևան ջուր>> ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրևաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրևաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի և վարչական շրջանների, ինչպես նաև ընկերության մասնագետների օպերատիվ արձագանքման արդյունքում արագ կարգավորվել է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կքննարկի և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով կներկայացնի առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ.
<<Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ավելի քան 30 փողոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև ջրահեռացման համակարգերին: Այդ առումով կարող է նաև ջրահեռացման խողովակների և հորերի ավելացման անհրաժեշտություն առաջանալ, ինչը պարտադիր պետք է իրականացնել: Իսկ այն հատվածներում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, կփորձենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցին լուծում տանք>>,- ընդգծել է քաղաքապետը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի են ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություններ:
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների, ինչպես նաև բնակիչների ընդունելությունների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել բարձրացված հարցերի կատարման ընթացքի նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նաև անձամբ է մասնակցելու քաղաքապետարանում և վարչական շրջաններում կազմակերպվող բնակիչների ընդունելություններին:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ` մինչև մայիսի 29-ը օրենսդրության պահանջներին հակասող գովազդները շտկելու նպատակով: Լեզվի պետական տեսչության հետ համատեղ շրջայցերի շրջանակում համապատասխան օրենքների խախտումով գովազդային վահանակները կապամոնտաժվեն:
Շարունակվում են վարչական շրջանների շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և ձևավորման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև շենքերի պատերի և կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Բակային տարածքների ձևավորման և նկարազարդման մասով Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 64 հասցեներում աշխատանքներն ավարտված են, ևս 25-ում դեռ շարունակվում են:
Զեկուցվել է նաև, որ Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի, վարչական շրջանների, հասարակական կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչ է մասնակցել մայիսի 24-ից 27-ը ԼՂՀ-ում կազմակերպված վրանային մարզաառողջարարական արշավին: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Երևանի քաղաքապետարանի կողմից ԼՂՀ մայրաքաղաքի մարզադպրոցին է նվիրաբերվել մարզական գույք և համակարգչային տեխնիկա:
<<Հին Երևան>> ծրագրի իրականացման, ինչպես նաև ժամանակակից արվեստի թանգարանի և համազգային թատրոնի նոր շենքերի կառուցման հետ կապված՝ հանձնարարվել է ներկայացնել նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր:

← Վերադառնալ ցուցակին