Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

29.05.2013

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, սենատորներ Անրի Դը Ռենկուրը եւ Բեռնար Սոժեն:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը` պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի փոխհարաբերություններին բնորոշ են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակույթի, կրթության, գիտության եւ այլ ոլորտներում փոխգործակցությունը: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում` գոհունակությամբ փաստելով խորհրդարանների միջեւ հաստատված սերտ գործակցությունը, որը կարեւոր դերակատարություն ունի միջպետական հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը կարեւոր եւ ողջունելի համարեց ֆրանսիացի խորհրդարանականների այցը ԼՂՀ:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը երախտագիտություն հայտնեց իրենց հրավիրելու համար եւ նշեց, որ յուրաքանչյուր այցից հետո մեծ դրական փոփոխություններ են նկատում Հայաստանում: Նա անհրաժեշտ համարեց հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա ակտիվացումը` կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացումը: Պատվիրակության անդամներն ասացին, որ չափազանց տպավորված են ԼՂՀ կատարած այցից եւ առաջընթաց են արձանագրել երկրի բոլոր ինստիտուտներում եւ տնտեսության տարբեր հատվածներում: Նրանք կարեւոր համարեցին Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը: Հովիկ Աբրահամյանը նույնպես անհրաժեշտ համարեց օդանավակայանի գործարկումը եւ անհասկանալի համարեց, թե ինչու են արգելվում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները, քանի որ դրանք կրելու են միայն մարդասիրական բնույթ:

ԱԺ նախագահը նշեց, որ եվրոպական ինտեգրումը մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, Հայաստանը իրեն տեսնում է այդ ընտանիքում եւ կարեւորում է սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարեւորվեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:  

← Վերադառնալ ցուցակին