Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

29.05.2013

Մայիսի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2012 թվականին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Վարչապետի տեղեկացմամբ՝ 2012 թվականին գրանցվել է 7.2% տնտեսական աճ, որտեղ էական նշանակություն է ունեցել արդյունաբերութայն, գյուղատնտեսության, շինարարության եւ սպասարկման ոլորտներում արձանագրված աճը: 2012 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 33.3 մլրդ դրամով եւ կազմել 944.9 մլրդ դրամ, որից 922.2 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 22.7 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների մասով: 2012 թվականի փաստացի եկամուտները կազմել են մոտ 946.2 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 65.3 մլրդ դրամով կամ 7.4% ով: Փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն, 6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93.4% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ ու առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով, առանց որոնց ծախսերի՝ կատարողականը կազմում է 97.1%: Պակասուրդը կազմել է ավելի քան 59 մլրդ դրամ:

2012թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությամբ (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եվ պակասուրդ) հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2011 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 7.4% աճը գերազանցապես պայմանավորված է հարկային եկամուտների 14.9% կամ 93.9 մլրդ դրամ աճով: Նախորդ տարվա համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ավելացել են 4.5%-ով կամ 5.6 մլրդ դրամով, այլ եկամուտները` 11.6%-ով կամ 5.1 մլրդ դրամով, պետական տուրքերը` 6.5%-ով կամ 1.5 մլրդ դրամով: Միեւնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 68.6% -ով կամ 40.7 մլրդ դրամով:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտների 92.8%-ն ապահովվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք կազմել են շուրջ 878.4 մլրդ դրամ եւ 100.04% - ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 725.5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 23.8 մլրդ դրամը` պետական տուրքերը եւ 129.1 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

2011 թվականի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 12.5%-ով կամ 41.2 մլրդ դրամով:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 875.6 մլրդ դրամ, որը կազմում է տարեկան ծրագրի 97.2%-ը` հիմնականում պայմանավորված այլ ծախսերի, նպաստների, ծառայությունների ու ապրանքների ձեռքբերման եւ պետական պարտքի սպասարկման ծախսերի ծրագրից շեղումներով:

2012 թվականի փաստացի եկամուտները կազմել են մոտ 946.2 մլրդ դրամ, փաստացի ծախսերը՝ 1 տրիլիոն, 6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93.4%-ը:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

«Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը՝ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ներկայացնելով 2012 թվականի պետական բյուջեի եկամտային, ծախսային մասերն ու բյուջեի պակասուրդը՝ նրանք հայտնեցին, որ ամրագրված ցուցանիշները արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Մայիսի 29-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ոլորտներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ներկայացրին իրենց ոլորտներում կատարված ծրագրերի արդյունքները:

2012 թվականին պետական բյուջեից արտակարգ իրավիճակների ոլորտին տրամադրվել է 6, 3 մլրդ դրամ, որը 2011 թվականի համեմատ պակաս է 94 մլն դրամով: Փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով ծախսվել է շուրջ 4.7 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 99%-ը: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 4.9%-ով:

Ոստիկանության ծախսերը կազմել են մոտ 41 մլրդ դրամ, որից հասարակական կարգի պահպանության ապահովմանը հաշվետու տարում տրամադրվել է 24 մլրդ դրամ` ապահովելով 99.9% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 1.8%-ով: Իրականացվել են 18 ծրագրեր:

Ազգային անվտանգության բնագավառին տրամադրվել է շուրջ 13.5 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 99.7%-ը: 2011 թվականի համեմատությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծախսերն աճել են 5.9%-ով կամ 751 մլն դրամով: Պետական պահպանության ապահովման ծախսերի կատարողականը կազմել է 99.7% կամ շուրջ 1.8 մլրդ դրամ: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի պահպանման նպատակով օգտագործվել է 364.1 մլն դրամ` 6.8%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների ոլորտների եկամուտների ու ծախսերի տարեկան հաշվետվությանը, դռնփակ էր: 

← Վերադառնալ ցուցակին