Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

24.05.2013

Սիրելի շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:

Դպրոցն ավարտելը կարեւոր սահմանագիծ է յուրաքանչյուր մարդու համար, որից հետո նա կանգնում է ավելի ինքնուրույն, ավելի վճռորոշ ու հասուն կյանքի շեմին: Ձեզ սպասվում են ոչ միայն գիտելիքների, այլեւ հոգու եւ կամքի քննություններ: Դուք հնարավորություն ունեք իրացնել ձեր ստացած գիտելիքները, ձեր եռանդն ու մտահղացումները, բացահայտելու այն ներուժը, որ առկա է յուրաքանչյուրիդ մեջ:

Սիրելի շրջանավարտներ,

Առջեում ձեզ համար պատասխանատու մի ժամանակահատված է, երբ պետք է ընտրել ներկայի ճիշտ շարունակությունն ու դնել ապագայի հուսալի հիմքը: Ոմանց համար այն կսկսվի ուսանողական նստարանից, մյուսների համար միանգամից աշխատանքից կամ զինծառայությունից: Համոզված եմ, որ դուք պատվով կանցնեք այդ ճանապարհը ի շահ մեր հայրենիքի ու մեր ողջ ժողովրդի:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ինչպես նաեւ ձեր ուսուցիչներին ու ծնողներին, որոնց խորհուրդները, հոգատարությունը եւ, իհարկե, սերը միշտ եղել ու լինելու են ձեր կողքին, ովքեր շատ բան են ներդրել ձեր կրթության ու դաստիարակության համար:

Մաղթում եմ բոլորիդ երջանկություն, հաջողություն, լավատեսություն ու հավատ ձեր ուժերի, ձեր ապագայի եւ հայրենիքի հանդեպ: Թող որ ձեզնից յուրաքանչյուրը գտնի կյանքի ճիշտ ու արժանապատիվ ճանապարհը:

Բարի երթ:  

← Վերադառնալ ցուցակին