Լուրեր

Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ

23.05.2013

Ազգային ժողովում մայիսի 23-ին շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը:

Մինչ մտքերի փոխանակությանն անցնելը ՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ԱԺ նիստին ներկա «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ ծրագրում ընդգրկված Երեւանի 10 ավագ դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող կիսել այս ծրագրի քաղաքական պատասխանատվությունը եւ դեմ է քվեարկելու: Բանախոսի համոզմամբ՝ մեր երկրի համար շարունակում են մարտահրավերներ մնալ աղքատության ու գործազրկության մակարդակները, արտագաղթը, արտաքին պարտքի ծավալը, տարածաշրջանային ծրագրերից մեկուսացումը, մինչդեռ կառավարության ներկայացրած ծրագիրը չի կարող դիմակայել այդ մարտահրավերներին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում արձագանքեց քննարկման ընթացքում ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին եւ հիշեցրեց, որ կառավարության ծրագրում արտացոլված են նաեւ ընդդիմադիր ուժերի ծրագրային դրույթները: Նա ընդդիմադիրներին աշխատելու կոչ արեց՝ ասելով, որ իշխանությունը միջոց է նպատակներին հասնելու համար, բայց ոչ միակ միջոցը: Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ իշխանությունը պատրաստ է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հարգելի գործընկերներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ցանկացած երկրի կառավարության գործունեության ծրագիրն այն հիմնական քաղաքական փաստաթղթերից մեկն է, որի շուրջ խորհրդարանում տեղի ունեցող քննարկումները ցույց են տալիս տվյալ երկրում առկա ոչ միայն գլոբալ հիմնախնդիրները, զարգացման հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները, այլեւ երկրի զարգացման, ապագայի վերաբերյալ քաղաքական ուժերի սրտացավության եւ շահագրգռվածության մակարդակը: Այս տեսանկյունից առաջինը, որ պետք է արձանագրել, այս դահլիճում տեղի ունեցած շահագրգիռ, երբեմն ծայրահեղ գնահատականներ պարունակող քննարկումներն ու հնչած հարցադրումներն էին: Սա նշանակում է, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերն ու անհատ պատգամավորներն իսկապես շահագրգիռ են Հայաստանն օր առաջ դարձնելու ավելի զարգացած, ավելի կայուն եւ ավելի ապահով երկիր: Եւ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատգամավորներին` ակտիվ քննարկումների համար:

Կառավարության գործունեությունը, ինչպես նշված է ծրագրի հենց սկզբում, հիմնված է լինելու ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթների, այլեւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների ծրագրային այն հիմնական գաղափարների ու մոտեցումների վրա, որոնք համահունչ են այդ փաստաթղթերին, իրատեսական են եւ կարող են նպաստել մեր երկրի ներդաշնակ զարգացմանը: Ես շատ եմ կարեւորում այս մոտեցումը, քանի որ դրա արդյունքում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի համախմբման մի յուրատեսակ հարթակ է ստեղծվում` թեկուզեւ առանձին հարցերի կամ հիմնախնդիրների լուծման շուրջ, անկախ խորհրդարանում այդ քաղաքական ուժերի ներկայացվածության աստիճանից եւ քաղաքական կարգավիճակից:

Այս հանգամանքը վկայում է նաեւ այն մասին, որ Հայաստանի իշխանությունները բաց են կառուցողական ու հիմնավորված բոլոր առաջարկությունների քննարկման եւ առկա խնդիրները համատեղ լուծելու ուղղությամբ ջանքերի միավորման համար:

Կառավարության այս ծրագիրը մի կողմից զգալիորեն տարբերվում է նախորդ ծրագրից` առաջարկելով նոր գերակայություններ ու մոտեցումներ, իսկ մյուս կողմից` հանդիսանում է նախորդ ծրագրի օրգանական շարունակությունը` իր մեջ ներառելով նաեւ նախկինում սկսած այն բոլոր բարեփոխումները, որոնք իրենց տրամաբանական ավարտին դեռ չեն հասել: Եվ դա բնական է, քանի որ ընտրությունների արդյունքում ստանալով մեր քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն՝ Հանրապետական կուսակցությունը, իր գործընկերների հետ միասին, պետք է շարունակի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք հավանության էին արժանացել մեր ժողովրդի կողմից եւ չեն կորցրել իրենց արդիականությունը:

Ես շատ կարեւոր եմ համարում այն հինգ գերակայությունները եւ դրանց իրականացման հիմնական ուղղությունները, որոնք դրված են կառավարության 2013-2017 թվականների ծրագրի հիմքում: Գերակա այդ ուղղությունների որդեգրումը համարում եմ ճիշտ ժամանակին ընտրված, ինչպես նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ երկրում ժողովրդավարության խորացման բնագավառներում առկա խնդիրների լուծման նպատակային ու ճիշտ թիրախների ընտրություն: Այս ուղղություններով արդյունավետ աշխատելու պարագայում, վստահ եմ, որ մենք կհասնենք այն ցուցանիշներին ու արդյունքներին, որոնք ծրագրված են առաջիկա 4 տարիների համար:

Հարգելի գործընկերներ.

Կցանկանայի խոսել նաեւ այն մարտահրավերների ու ռիսկերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ առաջիկայում` կապված համաշխարհային տնտեսությունում եւ մասնավորապես` Հայաստանի առեւտրային գործընկեր երկրներում ու տարածաշրջաններում ընթացող հետճգնաժամային հայտնի գործընթացների հետ: Բաց տնտեսության մոդելը, որը կիրառվում է նաեւ մեր հանրապետությունում, ունենալով մի շարք առավելություններ` համաշխարհային շուկաներին արագ ինտեգրվելու, ներդրումների ներգրավման, նոր տեխնոլոգիաների ներդման լայն հնարավորությունների եւ այլ առումներով, մյուս կողմից` իսկապես կարող է իր վրա շատ արագ զգալ արտաքին աշխարհում տեղի ունեցող տարբեր երեւույթների հետեւանքները, դրանով իսկ վտանգելով կառավարության ծրագրով նախանշված արդյունքներին հասնելու գործընթացը: Ուստի, կառավարության գործունեությունը պետք է ունենա նաեւ ճկունության անհրաժեշտ մակարդակ, եւ, նշված ռիսկերի ի հայտ գալու դեպքում, անմիջապես համարժեք արձագանք ապահովի նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Իսկ մենք էլ պետք է պատրաստ լինենք այդ գործում արագ եւ օպերատիվ աջակցելու ՀՀ կառավարությանը:

Ինչ վերաբերում է քննարկված ծրագրի վերաբերյալ հնչած կարծիքներին եւ դիտողություններին, կարծում եմ, պետք է ելնենք նաեւ այն իրողությունից, որ թերեւս չկա այնպիսի քաղաքական մի փաստաթուղթ, որի վերաբերյալ, ցանկության դեպքում, հնարավոր չլինի բազմաթիվ դիտողություններ անել եւ թերություններ մատնանշել:

Ես համաձայն եմ, որ կան թերություններ, բացթողումներ: Բայց համաձայն չեմ այն կարծիքների, այն գնահատականներ հետ, թե այս տարիների ընթացքում ոչինչ չի արվել:

Ազգային ժողովի, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվեցին: Միմյանց քննադատեցինք որոշ դեպքերում օբյեկտիվ, որոշ դեպքերում՝ սուբյեկտիվ: Սակայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք իր քարոզչությունը չկառուցեց այլ քաղաքական ուժերին կամ թեկնածուներին քննադատելու վրա, այլ՝ ներկայացրեց իր կողմից իրականացված ծրագրերն ու ապագա անելիքները:

Ինչեւիցե, ավարտվել են ընտրությունները, եւ ես բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության եւ համատեղ աշխատանքի կոչ եմ անում: Մանավանդ որ, համոզված եմ, առանձին կարեւորագույն հարցերի շուրջ միակարծիք ենք՝ Հայաստանի Հանրապետության հզորացում, Արցախի զարգացում եւ անկախության ամրապնդում:

Ես միանշանակ համամիտ եմ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետի հետ, որ 2008 թվականից սկսած՝ այսօր ամենանպաստավոր ժամանակն է իրականացնելու շարունակական տնտեսական աճ ապահովող անհրաժեշտ բարեփոխումներ ու ծրագրեր, որոնք կհանգեցնեն աղքատության ծավալների զգալի կրճատմանը, արտագաղթի նվազեցմանը եւ վերջնական դադարեցմանը:Համոզված եմ, որ մեր բոլորի համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք արձանագրել այս հաջողությունները»:

Եզրափակելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին եռօրյա շահագրգիռ քննարկումների համար, այնուհետեւ բարձրաձայնեց անցած ճանապարհից քաղած իր դասերի մասին: Վարչապետի համոզմամբ՝ իշխանությունը պետք է լսի ընդդիմությանը, որքան էլ այն թույլ ու պառակտված լինի, իշխանությունը պարտավոր է համախմբել գլխավորի շուրջ: Նաեւ՝ առանց ուժեղ ընդդիմության չի կարող լինել ուժեղ իշխանություն եւ ընդդիմությունը պետք է լինի այլընտրանք, քննադատող: Կառավարության ղեկավարը տեսակետ հայտնեց, որ իշխանությունը պետք է խոստովանի իր սխալները, ինչը եւ կլինի դրանք ուղղելու երաշխիքը: Միաժամանակ նա երկրի հիմնական խնդիրը համարեց ոչ թե իշխանափոխությունը, այլ ապագայի տեսլականը, համոզմունքը, կամքը, որն էլ իրականանալի կդառնա միայն համագործակցության պարագայում: Նա հավաստիացրեց, որ համագործակցությունն իր քաղաքական թիմի հենքն է:

76 կողմ եւ 41 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց նախ «Կուտակային կենսաթոշակների մասին», ապա «Եկամտահարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կառավարության նախաձեռնությունները՝ երկրորդ ընթերցման ընթացակարգով: ԱԺ սոցիալական հարցերի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջին եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երկրորդ նախագծերի վերաբերյալ ներկայացրին գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները՝ ասելով, որ նախագծերը պատրաստ են ամբողջությամբ ընդունելու համար:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելով՝ գործադիրն օրենսդրորեն ամրագրում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի նախարարի կարգավիճակը: Հարցը ներկայացնելով՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փոփոխությունը համարեց արդարացված եւ նշեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը, ի տարբերություն այլ գերատեսչությունների իր գործընկերների, մասնակցություն ունի քաղաքական գործընթացներում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայն է այս մոտեցման հետ, որի մասին հնչեցրեց Հովհաննես Սահակյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների առաջարկը: Երկրորդ ընթերցման ներկայացված փաստաթղթերում, որոնք վերաբերում են նշված ծառայություններում մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովի կազմավորման կարգին, կառավարության առաջարկով մի շարք փոփոխություններ են կատարվել: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը եւ այդ ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվությունը): 2012 թ. գնաճը 12-ամսյա կտրվածքով կազմել է 3,2 տոկոս` փոքր ինչ պակաս ծրագրվածից, միջին գնաճը՝ 2,6 տոկոս: Գնաճային ցածր միջավայրի ձեւավորմանը, ըստ ԿԲ նախագահի, նպաստել են գյուղատնտեսական առատ բերքն ու դրանով պայմանավորված ցածր գները: Ավելացված արժեքի աճն այս ոլորտում եղել է 9,5-10 տոկոս: Հաշվի առնելով հավասարակշռված գնաճային ճնշումները՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 8 տոկոսի մակարդակում: Տնտեսական աճի ցուցանիշը ԿԲ ծրագրում 3,1-4,8 տոկոս է:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը կարկտահարության պատճառած վնասին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձրացրեց բանկերի կողմից տրամադրվող գյուղատնտեսական վարկերի մատչելիության խնդիրը եւ մտահոգություն հայտնեց վարկերի երբեմն խիստ բարձր՝ մինչեւ 35 տոկոսի հասնող տոկոսադրույքների կապակցությամբ: Արթուր Ջավադյանը հաստատեց, որ գյուղատնտեսական 14 տոկոսանոց (որից 4-ը պետական սուբսիդավորմամբ) վարկերին զուգահեռ միկրովարկային կազմակերպությունները տրամադրում են պարզ ընթացակարգով եւ բարձր տոկոսադրույքով վարկեր: ԿԲ վերահսկողությունն այս ոլորտում, գործող օրենքի համաձայն, թույլ է: ԱԺ նախագահն առաջակեց քննարկել այս իրավիճակը:

Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւս անդրադարձավ հաշվետու տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին եւ ցածր գնաճ ձեւավորող գործոններին: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով կառավարության տեսակետը, նշեց, որ 2012 թ. տնտեսության զարգացման տեմպերը շարունակել են աճել, որի արդյունքում էլ ձեւավորվել է կայուն մակրոտնտեսական միջավայր: Գնաճային ցածր ճնշումների պայմաններում ԿԲ-ն, բանախոսի ներկայացմամբ, վարել է չեզոք դրամավարկային քաղաքականություն:

Արթուր Ջավադյանը ներկայացրեց նաեւ ԿԲ 2013 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Այն, սակայն, մայիսյան կարկտահարությամբ եւ գազի գնի հնարավոր փոփոխությամբ պայմանավորված վերանայման կարիք ունի: 2013 թ. առաջին եռամսյակի համար նախանշվել է 3,5 տոկոս գնաճ, որը, սակայն, որոշակիորեն կավելանա ճշտված ծրագրում:

Հարցի քննարկումը կշարունակվի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում: 

← Վերադառնալ ցուցակին