Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպանին

23.05.2013

Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերությունները գրանցել են աննախադեպ զարգացում, ինչի շնորհիվ երկու երկրների միջեւ ձեւավորվել է բարեկամ երկրներին բնորոշ խորը փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ հայ-շվեյցարական կապերը զարգացել եւ խորացել են: Պարոն Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք միջպետական կապերի անբաժանելի մասն են կազմում, եւ նշեց, որ թե երկկողմանի կապերի, թե միջազգային կառույցներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ են ստեղծվել: Նա կարեւորեց Շվեյցարիայի որդեգրած անկողմնակալ դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում:

Դեսպան Օբոլենսկին շնորհակալություն հայտնեց քառամյա արդյունավետ համագործակցության համար` կարեւորելով հայ-շվեյցարական գործակցության հետագա ամրապնդումը եւ զարգացումը: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, ինչը կարեւոր դեր ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա բնորոշմամբ բացառիկ լավ հարաբերություններ են ձեւավորվել երկու երկրների խորհրդարանների միջեւ, ինչին մեծապես նպաստել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Շվեյցարիա: Դեսպանը կարեւորեց նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:  

← Վերադառնալ ցուցակին