Լուրեր

<<Էրեբունի-Երևան>> տոնակատարությունների շրջանակում կներկայացվեն Երևանի բրենդի մշակված հիմքերը

22.05.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012թ․ վերջին մեկնարկեցին մայրաքաղաքի բրենդավորմանն ուղղված աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ ծրագրի իրականացման աշխատանքներում տեղացի մասնագետներից բացի ներգրավվեցին նաև արտասահմանյան, մասնավորապես՝ բրիտանացի փորձագետներ։
Հրավիրված ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, INSTID ընկերության փորձագետներ Ալեքսանդր Գրանդը և Նատաշա Գրանդը, <<Մաևտիկա>> բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը լրագրողներին են ներկայացրել մայրաքաղաքի բրենդի ստեղծմանն ուղղված աշխատանքների ներկա փուլն ու նախատեսվող ծրագրերը: Այդ համատեքստում, ինչպես իր խոսքում նշել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ամիսներ առաջ հայտարարվել էր Երևանի տուրիստական տարբերանշանի մրցույթը, որը, ըստ էության, մայրաքաղաքի բրենդավորման նախագծի նախնական փուլերից մեկն է:
Տարբերանշանի ընտրությունից զատ՝ մրցույթի նպատակը ստեղծագործական և մասնագիտական ներուժ ունեցող անհատների, նմանատիպ նախագծի իրականացմամբ հետաքրքրված մասնագետներին և ընկերություններին բացահայտելն է եղել. <<Ամիսներ շարունակ առցանց ռեժիմով քննարկվել են առաջարկված տարբերակները, ու արդեն օրերս քվեարկության արդյունքներն ու նաև մասնագետների կողմից լավագույնը ճանաչված տարբերակները հիմք կդառնան մայրաքաղաքի բրենդի համար, իսկ դրանց հեղինակները կներառվեն բրենդավորման խմբում>>,- նշել է Արազ Բաղդասարյանը:
Երևանի բրենդավորման նախագիծը, որն իրականացվում է INSTID միջազգային ընկերության կողմից, տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է: Ընկերության ներկայացուցիչը Հայաստանում <<Մաևտիկա>> բրենդինգային գործակալությունն է։ Ծրագրում ներգրավված INSTID ընկերության մասնագետներն ունեն ոլորտի նեղ մասնագիտացում և տարածքային բրենդավորման իրագործման մեծ փորձ (Լեհաստան, Լիտվա, Բելառուս, Մեծ Բրիտանիա և այլն):
<<Նախագծի նպատակը Երևանի առանցքային գաղափարի ձևակերպումն ու մայրաքաղաքի ապագայի տեսլականի մշակումն է՝ ամրապնդված Երևանյան կենսակերպի և ավանդույթների յուրահատկություններով։ Նախագծի շրջանակում մշակվելու է նաև Երևան քաղաքի արտաքին տեսքի միասնական մոտեցումը, որը հիմք կծառայի քաղաքի ձևավորման հետագա քայլերի համար, Երևանը ճանաչելի կդարձնի արտաքին աշխարհի համար՝ համահունչ մայրաքաղաքի բնակիչների Երևանի մասին ունեցած պատկերացումներին>>, - նշել է INSTID ընկերության բրիտանացի փորձագետ Նատաշա Գրանդը։
Պատասխանատուների խոսքով՝ նախագծի իրականացման տարբեր փուլերում ներգրավված կլինեն հանրության տարիքային և մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ ճարտարապետներ, դիզայներներ, լուսանկարիչներ, արվեստագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ, սոցիոլոգներ, մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ և այլք՝ ապահովելու համար մայրաքաղաքի բրենդավորման առավել համապարփակ, հիմնավորված գործընթաց, և արդեն 2013-ի հոկտեմբերին՝ <<Էրեբունի-Երևան>> տոնակատարությունների շրջանակում, հնարավոր կլինի հանրությանը ներկայացնել Երևանի բրենդի մշակված հիմքերը։
 

← Վերադառնալ ցուցակին