Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը Տեղի է ունեցել Երևանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը

22.05.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու առաջին գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ և վերջին նիստում շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
<<Երևանի ավագանու ինստիտուտը, շնորհիվ ավագանու անդամների սրտացավ աշխատանքի, կայացավ այս չորս տարիների ընթացքում: Իսկապես արվեց ամեն ինչ՝ թե՛ երանցիների և թե՛ քաղաքի հոգսերը թեթևացնելու, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու համար: Ու վստահ եմ, որ պահպանելով և շարունակելով այս ընթացքում կուտակած փորձը՝ մայիսի 5-ին ընտրված Երևանի ավագանու նոր կազմը ևս նույն եռանդով և սրտացավությամբ իր ակտիվ մասնակցությունը կբերի Երևանի զարգացման գործում>>,- ընդգծել է քաղաքապետը:
Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասի փոխանակության մասին որոշումների նախագծերը:
Ավագանին հավանության է արժանացրել նաև Ֆադեյ Սարգսյանի, Վահե-Ազատ Ադամյանի, Արթուր Թարխանյանի և Արտավազդ Մարտիրոսովի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումների նախագծերը:
Երևանի ավագանին ի գիտություն է ընդունել Վերահսկիչ պալատի կողմից 2010-2012 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Ամփոփ ներկայացվել է նաև Երևանի ավագանու 2009-2013 թվականների ընթացքում ծավալած գործունեության մասին հաշվետվությունը: Վերը նշված ժամանակահատվածում գումարվել է ավագանու 61 նիստ, որոնց ընթացքում ընդունված 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է:

← Վերադառնալ ցուցակին