Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության դեսպանին
21.05.2013
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Ռատմիռ Լոսադա Գարսիային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կուբայական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է Հայաստան-Կուբա պատգամավորական բարեկամության խումբ, որի նախագահ Խոսրով Հարությունյանը եւս ներկա էր հանդիպմանը: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առեւտրատնտեսական կապերի զարգացումը, մասնավորապես համագործակցությունը առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանը նշեց, որ Կուբայի նոր խորհրդարանը այս տարվա փետրվարին է ձեւավորվել եւ առաջիկայում այնտեղ էլ կստեղծվի ՀՀ ԱԺ-ի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Միջխորհրդարանական կապերի հաստատման շրջագծում կարեւորվեցին փոխայցելությունները, երկկողմ շփումները:
Հայաստանում Կուբայի դեսպան Էմիլիո Ռատմիռ Լոսադա Գարսիան խոստացավ իր ջանքերն ի սպաս դնել Կուբա-Հայաստան հարաբերությունների խորացմանը` ի շահ երկու պետությունների եւ ժողովուրդների:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: