Լուրեր

ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը

21.05.2013

Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը:

Մինչ մտքերի փոխանակությանն անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ԱԺ նիստին ներկա «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից իրականացվող «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» ծրագրի մասնակից Երեւանի եւ Էջմիածնի դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին:

Ելույթ ունենալու համար նախորդ օրը հերթագրվել էր շուրջ երեք տասնյակ պատգամավոր:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը անհեռանկարային համարեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը, քանի որ, ըստ նրա՝ կառավարությունն առավելապես պետք է շեշտը դներ ներդրումներ ներգրավելու վրա, ինչն իր հերթին կնպաստեր տնտեսության աճին: Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ քննարկվող ծրագիրը ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների ծրագրից, չկա գործողությունների, խնդիրների լուծման հստակ ծրագիր: Խոսելով քաղավիացիայի ոլորտից՝ պատգամավորն անհրաժեշտ համարեց դրա ազատականացումը, ինչի վերաբերյալ եւս, ըստ նրա, ծրագրում խոսք չկա:Ծրագրի վերաբերյալ բացասական էր նաեւ Զարուհի Փոստանջյանի կարծիքը. ըստ նրա՝ կառավարությունը որոշումներ ընդունելիս հաշվի չի առնում համայնքների բնակիչների կարծիքը, չի փոխհատուցում բնական աղետների հետեւանքով գյուղացիների կրած վնասները: Արամ Մանուկյանն անդրադարձավ իր խոսքով՝ կառավարության ունեցած ձախողումներին եւ նկատեց, որ չկան պատճառներ՝ կառավարության ծրագրին հավանություն տալու համար: Նա խոսեց գազի սակագների բարձրացման, քաղավիացիայի, բանակի, ընտրական գործընթացների եւ դրանցում առկա բացասական երեւույթներից: Վահան Հովհաննիսյանը ելույթը կառուցեց իր տեսակետով՝ կառավարության բացթողումների եւ չկրած քաղաքական պատասխանատվության համատեքստում: Ըստ նրա՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում ոչ-ոք պատասխանատվություն չի կրում տեղի ունեցած ձախողումների համար: Ստեփան Դեմիրճյանը, զուգահեռներ անցկացնելով կառավարության նախորդ եւ քննարկվող ծրագրերի միջեւ, նշեց, որ դրանք ոչնչով չեն տարբերվում. ըստ նրա՝ այս ծրագիրը եւս չի կասեցնելու շարունակվող արտագաղթը եւ չի նվազեցնելու աղքատությունը, հետեւաբար ինքը դեմ է քվեարկելու: Խաչատուր Քոքոբելյանը կառավարության ծրագիրը համարելով բարի եւ լավ մտադրությունների ծրագիր, առաջարկեց այն ետ տանել, ապա խորհրդարան բերել բարձրաձայնված խնդիրների լուծման ուղիներով հագեցած ծրագիր: Արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա ասաց, որ ուսումնասիրել է տարբեր երկրներում կառավարությունների ծրագրերի քննարկումները եւ համոզվել, որ բոլոր տեղերում նույնն է. քննադատություններ եւ մեղադրանքներ: Անդրադառնալով հնչած քննադատություններին՝ արդարադատության նախարարը նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, նվազել են կոռուպցիայի դեպքերը, պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ դատավորներ եւ այլ պաշտոնատար անձինք, արձանագրվել է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության մեծացում, իրողություն է դարձել հանրահավաքների անարգել անցկացումը: Անդրադառնալով քաղաքական պատասխանատվության չենթարկվելու վերաբերյալ հայտարարությանը՝ Հրայր Թովմասյանը հիշեցրեց իր խոսքով՝ դասագրքային ճշմարտությունը, ըստ որի՝ քաղաքական պատասխանատվության կուսակցությունները ենթարկվում են ընտրությունների ժամանակ հավաքած ձայներով:Պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության իրականացրած հարկային վարչարարությանը, որը, ըստ նրա՝ բարեփոխման կարիք ունի: Ըստ նրա՝ վերանայել է պետք նաեւ աշխատատեղերի եւ աշխատավարձերի հարաբերակցությունը: Կառավարության առաջիկա տարիների գործունեության ծրագրի, մասնավորապես նրանում ամրագրված կրթական բարեփոխումներից խոսեց պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա անդրադարձավ հանրակրթության ոլորտում եւ տարբեր միջազգային մրցույթներում հայ դպրոցականների ձեռքբերումներին՝ չանտեսելով նաեւ առկա խնդիրները:Կառավարության անելիքների, ծրագրի հիմնական առանձնահատկությունների մասին խոսեց պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատգամավորի համոզմամբ՝ ծրագիրը տալիս է երեք հիմնախնդիրների՝ աշխատատեղերի, աշխատավարձերի եւ արտագաղթի լուծման բանալին: Այն առարկայական է եւ ի զորու է լուծելու ծառացած խնդիրները: Գագիկ Մինասյանի հետ համամիտ էր պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ՝ կառավարության ծրագիրն իրատեսական է եւ պրագմատիկ, այն լավ հիմք է՝ տարբեր ոլորտներում զարգացման հասնելու համար: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացնելով իր բացասական դիրքորոշումը՝ նկատեց, որ նրանում ներառված չեն երկրում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ուստի ինքը դեմ է քվեարկելու: Կառավարության ծրագիրն իր ելույթում քննադատեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ նվազագույն աշխատավարձի սպասվող բարձրացումը՝ 45000 դրամ, չի կարող նշանակություն ունենալ մարդկանց կենսամակարդակի վրա, բացի այդ՝ գազի սակագների բարձրացումը կհանգեցնի այլ ապրանքների եւ ծառայությունների գների շղթայական բարձրացման:

Ծրագրի քննարկումը կշարունակվի մայիսի 22-ի նիստում:

ԱԺ Կանոնակարգի համաձայն՝ արտահերթ կարգով խորհրդարանը քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, համաձայն որի՝ ընտրությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ ըստ տեղամասերի որոնման եւ ներբեռնման հնարավորությամբ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացրեց Լեւոն Մարտիրոսյանը: Նա պարզաբանեց, որ հանձնաժողովի եզրակացությունը բացասական է, քանի որ օինագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությանը եւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը: Հարակից ելույթում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ կառավարության կարծիքը եւս բացասական է, քանի որ առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի գաղտնիության ապահովման սկզբունքին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագիծը մտքերի փոխանակության ժամանակ պաշտպանեցին պատգամավորներ Արամ Մանուկյանը, Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Արմեն Ռուստամյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը: Օրինագծին դեմ արտահայտվեցին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Խոսրով Հարությունյանը, համաձայնելով, որ անհրաժեշտ է բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը՝ գտնելով այլ ուղիներ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:

ԱԺ Կանոնակարգի համաձայն՝ վերջին նիստի մեկ ժամը տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին: 

← Վերադառնալ ցուցակին