Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

09.05.2013

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի խորհուրդ ունի: Մեծ հայրենականում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաև մեր հայրերի ու պապերի սխրանքով նվաճված պանծալի հաղթանակը ոչ միայն մեր երկիրը փրկեց վերահաս աղետներից, այլև հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ ու ստեղծագործ ապագա: Ֆաշիզմի դեմ պայքարում հայազգի մարտիկները կրկին անգամ ցուցադրեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգին ու սխրանքների գնալու հաստատակամությունը՝ յուրօրինակ ոգեշնչում դառնալով արդեն Արցախյան գոյամարտի տարիներին:

Շուշիի ազատագրումից հետո մայիսի 9-ը մեզ համար ստացավ ևս մեկ նշանակություն, դարձավ հաղթանակի և խաղաղության նոր խորհրդանիշ: Այն մեզ համար փրկության և ազատության օր է, նոր հույսերի, նոր կյանքի սկիզբ, հայոց նորագույն պատմության նշանակալի հանգրվան: Այսօր հստակ է ամենակարևորը. մենք մեր տան մեջ ապրելու համար որևէ մեկի բարեհաճության կարիքը չունենք և արմատից կկտրենք որևէ բռնություն: Մայիսի 9-ը ծանրակշիռ ապացույց է առ այն, որ, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանության մեր իրավունքից այսուհետ ևս օգտվելու ենք առանց վարանելու և առավելագույն կերպով: Սա է խաղաղության ներկա բանաձևը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցավոք, խաղաղությունը հաճախ պարտադրվում է զոհերի գնով: Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք ամուր և վերելք ապրող պետություն կառուցելով:

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, մաղթում հարատև խաղաղություն և ստեղծագործ աշխատանք:

 

← Վերադառնալ ցուցակին