Լուրեր

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

08.05.2013

Մայիսի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Օլեքսանդր Պավլյուկը կարեւոր համարեց օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների անցկացումը: Հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը բարձր մակարդակով իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին նաեւ հանձնաժողովի հետ հնարավոր համագործակցության հեռանկարների մասին: Այս առումով Արտակ Զաքարյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անունից պատրաստակամություն հայտնեց խորացնելու գործակցությունը ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարբեր խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների գործունեությանը եւ կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժամանակակից աշխարհում կարեւորագույն գործիք: Կողմերը խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարների եւ դրանում խորհրդարանական դերակատարության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին