Լուրեր
ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ- Ռոթ սեմինարի վերաբերյալ
07.05.2013
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 7-ի մամլո ասուլիսում անդրադարձան ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ սեմինարի աշխատանքներին:
ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին ռուս-վրացական փոխհարաբերություններին, Վրաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, Հայաստան- Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին: ԱԺ պատգամավորը նկատեց, որ, անկախ քննարկվող հարցի ուղղվածությունից, ադրբեջանական պատվիրակության անդամները «գրավյալ տարածքների» հարցն էին բարձրացնում ու ռազմատենչ հայտարարություններ անում: Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանցիների նման փորձերը անհաջողությամբ էին պսակվում հայկական պատվիրակության կառուցողական դիրքորոշման ու համարժեք հակահարվածների արդյունքում:
Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. տարածաշրջանային հաշտեցման հեռանկարներ» թեմայով քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին, եւ պատվիրակության անդամներն իրենց ելույթներում համոզմունք են հայտնել, որ հնարավոր չէ լուրջ տեղաշարժեր արձանագրել բանակցություններում, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ակտիվորեն չի ներգրավվել եւ դարձել բանակցային կողմ:
Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն անդրադարձավ Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը՝ տեղեկացնելով, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոխվել նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, իսկ տնտեսության զարգացման օրախնդիրը շարունակում է մնալ եւ իշխանության, եւ ընդդիմության ուշադրության կենտրոնում:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց նաեւ, որ սեմինարի շրջանակներում եւ Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են նաեւ ջավախահայության ինքնությանը, նրանց լեզվի ու մշակույթի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրներ, անդրադարձ է եղել նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման անհրաժեշտությանը: Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կառուցողական ու շահագրգիռ մոտեցում են ցուցաբերել քննարկումների ժամանակ: