Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին

07.05.2013

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրա այցը նոր լիցք կհաղորդի հայ-չեռնոգորյան հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ստեղծումը եւ զարգացումը` խորհրդարանական գործակցության խթանման գործում կարեւորելով բարեկամության խմբերի դերը: Նա նշեց, որ առաջիկայում Ազգային ժողովում կձեւավորվի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ եւ առաջարկեց նույնանման խումբ ստեղծել Չեռնոգորիայի խորհրդարանում: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց նաեւ երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրաինտեգրումը եւ այս ուղղությամբ մեր երկիրը կարեւոր քայլեր է իրականացրել, ակտիվ համագործակցություն է ծավալվել Եվրամիության բոլոր կառույցների հետ: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` նշելով, որ հայկական կողմը առաջինն է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Չեռնոգորիայի փոխվարչապետը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների ակտիվացումը եւ ընդլայնումը բոլոր ոլորտներում, անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի ստեղծումը: Նա բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի առաջարկը Չեռնոգորիայի խորհրդարանում ստեղծել Հայաստանի ԱԺ -ի հետ բարեկամության խումբ եւ նշեց, որ անպայման ԱԺ նախագահի առաջարկը կփոխանցի իր երկրի խորհրդարանի ղեկավարին:

Կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին եւ երկուստեք շեշտեցին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով` բանակցությունների սեղանի շուրջ: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին