Լուրեր

Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

02.05.2013

Մայիսի 2-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակում նիստին ներկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշեց, որ հարցը մանրակրկիտ քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը: Նա հորդորեց ձեռնպահ մնալ նման օրենքի նախագծի ընդունումից, մանավանդ, որ Հայաստանում արդեն գործում են ապահովագրական ընկերություններ: Ըստ նրա՝ ավտոմեքենայի գույքահարկի եւ տեխզնման խնդիրների լուծումները հենց ապահովագրական ընկերությունների գործն են:

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, նշեց, որ տեղական հարկերի եւ տուրքերի գծով եկամուտները հնարավոր է ավելացնել տարբեր մեխանիզմների, այդ թվում՝ անշարժ գույքի համար գանձվող գույքահարկի միջոցով:

Ամփոփիչ ելույթում Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրենքում նախատեսված փոփոխությունները որոշակի կանոնակարգ են հաստատում եւ բարելավում են խնդրի կարգավորման օրենսդրական դաշտը: Գլխադասային հանձնաժողովի ղեկավարն առաջարկեց նաեւ կազմակերպել քննարկում այն թեմայով, թե ինչ միջոցներով են համալրվում տեղական բյուջեները:

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, անդրադառնալով պատգամավորների հարցերին, նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը կարեւոր է, եւ այն հստակություն է մտցնում թե գույքահարկի վճարման, եւ թե շարժական գույքի սեփականատիրոջ եւ օտարման դեպքում հաջորդ սեփականատիրոջ հարաբերություններում: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին «Արդարադատության ակադեմիայի մասին» եւ հարակից օրենքի նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ առաջարկներ չեն եղել, հիմնական փոփոխությունները կրել են խմբագրական բնույթ:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւս նշեց, որ բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:

Հարցի քննարկումից հետո Ազգային ժողովն ընդունեց ինչպես մայիսի 2-ին, այնպես էլ երեքշաբթի քննարկված օրենքի նախագծերը:

Պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկեցին կառավարության եւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարակից զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ երկրորդից երրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել, ուստի հորդորեց խորհրդարանին դրական քվեարկել:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ երկրորդից երրրորդ ընթերցում ստացվել է միայն խմբագրական փոփոխություններին առնչվող առաջարկներ, ուստի նա եւս պատգամավորներին հորդորեց կողմ քվեարկել օրինագծին:

Օրենսդիրը քննարկեց նաեւ «ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ երկորրդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում որեւէ դիտողություն եւ առաջարկ չի ստացվել: Ըստ նրա՝ հարցը վերաբերում է Ադրբեջանից բռնագաղթված Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին: Այն իրականացվում է քաղաքացիների ճանաչման մեխանիզմով, որից արդեն իսկ մոտ 85 հազար մեր հայրենակիցներ օգտվել են:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հարակից զեկույցով՝ նշելով, որ հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն: Նախատեսվում է Ադրբեջանից բռնագաղթված մեր քաղաքացիների՝ այս միջոցով քաղաքացիություն ստանալու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Խորհրդարանին ներկայացվեց նաեւ «ՀՀ քրեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշեց, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիական գործով սուտ ցուցմունք տալու, քրական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու, քրերական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:

Հարակից զեկուցող, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, ընդգծեց, որ օրենքի արժեքային փոփոխությունն այն է, որ ներմուծվում է միատեսակ եզրույթի կիրառումը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի հեղիանկած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է նոր պարբերությամբ լրացնել օրենքը, որը հնարավորություն կտա փաստաբաններին՝ տեղեկություն ստանալ գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ:

Հարակից զեկուցող, Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ առաջարկվող օրենսդրական լուծումը նպատակ է հետապնդում դատավարական գործընթացում ապահովել կողմերի իրավահավասարությունը: Նա վկայակոչեց կադաստրային տեղեկատվությունը բաց եւ թափանցիկ ստանալու մասին միջազգային փորձը եւ նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը եւս մեկ քայլ առաջ է այդ ճանապարհին:

Օրինագծի վերաբերյալ հայտնելով իր տեսակետը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դրական է գնահատում օրենքի փոփոխությունը, քանի որ իսկապես նախկինում նման խնդիրներ առաջացել են, երբ փաստաբանները տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել են դատարանի միջնորդությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ հարցն իսկապես կարեւոր է:

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմնավորված է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կազմի եւ նրանց պատրաստվածության մակարդակի փոփոխությամբ: Համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ոստիկանության զինծառայողները հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ միասին մասնակցում են պարեկապահակային ծառայությանը: Այդ դրույթը օրենքի նախագծում ներառվել է այն տրամաբանությամբ , որ ոստիկանության զորքերում ծառայում են ժամկետային զինծառայողներ, որոնք փորձառու չեն:

Ըստ փոխոստիկանապետի՝ նախագծի նպատակն է առավել արդյունավետ դարձնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, բարձրացնել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունը, ճիշտ օգտագործել ոստիկանության ուժերն ու միջոցները:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը: Ըստ պատգամավորի՝ օրինագիծը նպատակ ունի բարձրացնելու Երեւան քաղաքում հասարակական անվտանգության ապահովման մակարդակը եւ հասարակական կարգի պահպանությունը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Արտաշես Գեղամյանը:

Գագիկ Ջհանգիրյանը օրինագծի ընդունումը համարեց անհրաժեշտ եւ պարտադիր: Պատգամավորն առաջարկեց կառավության ներկայացուցչին առաջինից երկրորդ ընթերցում խմբագրել որոշ դրույթներ:

Ըստ Արտաշես Գեղամյանի՝ օրինագիծը միտված է վտանգավոր հետեւանքներով հղի գործողությունների չեզոքացմանը:

Եզրափակիչ ելույթում Արթուր Օսիկյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին կառուցողական քննարկում կազմակերպելու համար: Անդրադառնալով ելույթներում հնչած տեսակետներին՝ հիմնական զեկուցողը հավաստիացրեց, որ ՀՀ ոստիկանությունը վճռական է այսուհետ եւս հասարակական կարգի պահպանության հարցում եւ ընդհանրապես հանցագրծությունների դեմ պայքարում գործել օրենքի տառին համապատասխան: Արթուր Օսիկյանը հորդորեց պատգամավորներին մինչեւ երկորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ:

Այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսում էր թմրամոլությամբ տառապող անձանց առանձին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ սահմանելու իրավասությունը վերապահել կառավարությանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ ներկայացված նախագիծը պայմանավորված է նրանով, որ թմրամոլությամբ տառապող անձանց առանձին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները սահմանվում են ոլորտային տարբեր իրավական ակտերով եւ առանձին ակտի անհրաժեշտությունը բացակայում է:

Գլխադասային՝ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց նաեւ Աժ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաեւ գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից:

Ըստ Արա Բաբլոյանի՝ փաթեթի ընդունման նպատակն է կարգավորել երեխաների կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի եւ որեւէ այլ ձեւով խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցողը նշեց, որ փաթեթի ընդունումը կնպաստի երեխայի սնուցման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ այն գործոնների վերացմանը, որոնք խոչընդոտում են կրծքով կերակրման խրախուսումն` օրենսդրորեն ամրագրելով այդ բնագավառին առնչվող միջազգային փորձն ու պահանջները:

Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:

Հարակից զեկույցում Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ միաձայն ստացել դրական եզրակացություն:

Քննարկվող հարցի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը: Նրա կարծիքով՝ փաթեթի ընդունումը կնպաստի կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացմանը, դրան խոչընդոտող գործոնների ազդեցության նվազեցմանը, ինչն էլ վերջնական արդյունքում կհանգեցնի վաղ հասակում երեխաների հիվանդացության եւ մանկական մահացության ցուցանիշների նվազեցմանը: Ըստ կառավարության ներկայացուցչի՝ օրինագծերի ընդունմամբ Հայաստանը կիրականացնի կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման՝ միջազգային օրենսգրքին միանալու վերաբերյալ առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկը, կապահովի երեխայի առողջ աճի եւ զարգացման նախադրյալ հանդիսացող կրծքի կաթով սնվելու նրա իրավունքը:

Ազգային ժողովը քննարկեց երկու տասնյակ ԱԺ պատգամավորների հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Արա Բաբլոյանը:

Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:

Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ցածր ծնելիություն ունեցող երկրներից է: Ըստ ՄԱԿ-ի՝ բնակչության հիմնադրամի տվյալների՝ Հայաստանում բնակվող վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեց կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%), ինչը ԱՀԿ-ի կողմից սահմանված ճգնաժամային ցուցանիշից բարձր է 1.8%-ով: Հիմնական զեկուցողը նաեւ նշեց, որ գրեթե բոլոր Եվրոպական երկրներում առկա են ժողովրդագրական խնդիրներ, եւ այդ երկրների կառավարությունները ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված տարբեր քայլեր են ձեռնարկում. դրանք են՝ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը, բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցությունը, երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդի դեպքում նպաստի հատկացումը եւ այլն: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը եւ սպասարկումը կիրառվում է անպտղության տարբեր տեսակների դեպքում: Այդ տեխնոլոգիաների կիրառումը փուլային գործընթաց է եւ պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, հետեւաբար հասանելի չէ բնակչության բոլոր խավերի` մասնավորապես անապահով ընտանիքների զույգերի համար:

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ժողովրդագրական իրավիճակը եւ այն բարելավելու անհրաժեշտությունը` հեղինակները առաջարկում են օրենքում կատարել համապատասխան լրացումներ: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից: Սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերը, պետական նպատակային ծրագրի շրջանակներում, բժշկական օգնության եւ սպասարկման արտոնություններ կունենան:

Գլխադասային՝ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ կառավարության կարծիքը դրական է: Նա անդրադարձավ նաեւ այս ոլորտում ՀՀ կառավարության վարած ծրագրային քաղաքականությանը, անպտղության եւ արհեստական բեղմնավորման ձեւերին, դրանց համար անհրաժեշտ բյուջետային ծախսերին ու հասցեականությանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան ժողովրդագրական խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական քայլի կարեւորությանը՝ առաջարկելով ներդնել նաեւ սոցիալական աջակցության այլ միջոցներ եւ սահմանել անապահովության համապատասխան չափանիշներ:

Եզրափակիչ ելույթում Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ հաշվի կառնվեն բոլոր առաջարկները եւ մինչեւ երկրորդ ընթերցում դրանց մի մասը կներառվեն նախագծում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:  

← Վերադառնալ ցուցակին