Լուրեր

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

30.04.2013

 Շնորհավորելով իր հայաստանցի գործընկերոջը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանն իր ուղերձում ասում է.
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել: Մեր երկրների միջև կայուն կերպով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, աստիճանաբար ընդլայնվում է բիզնես համագործակցությունը, ակտիվանում են հումանիտար կապերը, սերտորեն համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցության զարգացումը բխում է թե´ մեր երկրների և թե´ մեր ժողովուրդների կենսական շահերից: Ես բարձր եմ գնահատում Ձեր կաևոր ներդրումը և մշտական ուշադրությունը Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման նկատմամբ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ միասին ամեն ջանք գործադրել՝ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, Ձեր երկրին՝ բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:

← Վերադառնալ ցուցակին