Լուրեր

Ամփոփվեցին ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների արդյունքները

30.04.2013

Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ամփոփեցին ապրիլի 22-26-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների արդյունքները, որին ՀՀ ԱԺ պատվիրակությունից մասնակցել են Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որտեղ քննարկվել է Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Այն Բյուրոյի կողմից հաստատվել է: Պատվիրակության ղեկավարը նշեց, որ զեկույցի վերաբերյալ հնչել են եւ դրական, եւ քննադատական ելույթներ:

ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, թեեւ ելույթի համար հերթագրվել էին նաեւ Արփինե Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Լեւոն Զուրաբյանը, որոնց ելույթների տեքստերը կցվել են արձանագրությանը: Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ գործող կարգի համաձայն՝ նախապես մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ընթացքում են ներկայացվել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:

ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Նախարարների կոմիտեի նախագահողին գրավոր հարցեր են ուղղել Դավիթ Հարությունյանը եւ Լեւոն Զուրաբյանը:

Հաջորդ հարցը, որն առանձնացրեց պատվիրակության ղեկավարը, «Հետմոնիտորիգային երկխոսություն Թուրքիայի հետ» զեկույցն էր, որի առնչությամբ Դավիթ Հարությունյանի եւ Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած ելույթներ տեքստերը կցվել են արձանագրությանը: Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, որ նշված զեկույցն աչքի է ընկել բավական անհաջող ձեւակերպումներով, որոնք մեր պատվիրակության ջանքերով հաջողվել է հանել զեկույցից: Դրանք, մասնավորապես, վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին եւ հայ-թուրքական արձանագրություններին:

Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, որ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը երկու առաջարկ են ներկայացրել, որոնք, չնայած թուրքական պատվիրակության հարուցած խոչընդոտներին, ընդգրկվել են զեկույցի մաս կազմող բանաձեւում: Առաջարկները վերաբերել են Թուրքիայում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:

Պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ ԵԽԽՎ մոնիտորիգի, իրավական, սոցիալական հանձնաժողովների աշխատանքներին, ազատ քննարկմանը, որտեղ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը, իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները շարունակել են իրենց հակահայկական քարոզչությունը, որին հետեւել է Վեհաժողովի նախագահի բավական կոշտ արձագանքը:

Պատվիրակությունը մասնակցել է նաեւ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում եւ եկեղեցում կայացած էկումենիկ արարողությանը:

Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին