Լուրեր

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները

29.04.2013

Ապրիլի 29-ին խորհրդարանն սկսեց հերթական չորսօրյա նիստերի աշխատանքները:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ խորհրդարանի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նիստին ներկա Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներին ու դասախոսներին:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց գարնանային նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումները, նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգն ու մի քանի օրինագծերի քննարկման հատուկ կարգը: Առաջարկված որոշումներն ընդունելուց հետո պատգամավորները քվեարկությամբ հավանության արժանացրին նաեւ նախորդ քառօրյայում քննարկված օրենսդրական մեկ փաթեթ, որից հետո շարունակեցին «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»՝ ՀԱԿ խմբակցության անդամների առաջարկի քննարկումը: Մասնավորապես հարցի վերաբերյալ տեսակետներ հնչեցրին ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցությունները: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, եւ կհամաձայնի փոխզիջումային՝ «Հայ ազգային կոնգրես»-ի գործընկերների համար ընդունելի տարբերակին: ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանը հեղինակներին առաջարկեց որոշման նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյա՝ այդ ժամանակահատվածն օգտագործելով քննարկումները շարունակելու եւ բոլորի համար ընդունելի ձեւակերպումներ գտնելու համար: Խմբակցության ղեկավարը թյուր բնորոշեց հնչող կարծիքներն այն մասին, թե ՀՀԿ-ն չի ցանկանում ստեղծել ժամանակավոր այս հանձնաժողովը եւ հավաստիացրեց, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը մանրամասնեց քննարկման փուլում գտնվող առաջարկները՝ առանձնացնելով համաձայնեցման ենթակա եւ անընդունելի կետերը: Հեղինակը համաձայնեց հարցի քվեարկությունը տեղափոխել հաջորդ քառօրյա՝ մինչ այդ գտնելով ընդհանուր եզրեր:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը խորհրդարանին առաջարկեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել կառավարության երկու նախաձեռնություն: «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելով՝ գործադիրը նախատեսում է ստեղծել պետական մասնակցությամբ արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն: «Ստանդարտացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը նպատակ ունի վերացնել այս դաշտում գործող օրենքների միջեւ անհամապատասխանությունը՝ ապահովելով գործողությունների միասնականություն, նաեւ չափանիշները դարձնել Եվրամիության մոտեցումների հետ համահունչ: Կառավարությունը երկու նախագծերի վերաբերյալ պատգամավորներից ստացած առաջարկներն ընդունել ու արտացոլել է փաստաթղթերում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարակից ելույթում տեղեկացրեց, որ գլխադասային հանձնաժողովը քննարկման արդյունքում համաձայնել է ներկայացված մոտեցումներին եւ տվել դրական եզրակացություն:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը պատգամավորների դատին ներկայացրեց «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Կառավարությունն առաջարկում է տարեսկզբից գործող՝ եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգում զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց ներառել ոչ միայն ընդհանուր, այլ նաեւ առանձին կարգով: Այն դեպքում, եթե կա սահմանափակ օգտագործման՝ գաղտնի տեղեկատվություն: Վաչե Գաբրիելյանն առաջարկեց նաեւ անվանական աշխատավարձի վերահաշվարկի օրենսդրական պահանջը չտարածել այն կազմակերպությունների վրա, որոնք մինչ 2013 թ. հունվարի 1-ն ազատված են եղել պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունից: Խոսքը արտասահմանյան ֆինանսավորմամբ օգնության ու աջակցության ծրագրերի մասին է. վերահաշվարկի պարագայում, երբ վերջիններիս ֆինանսավորումներն արդեն հաստատված են, հնարավոր են աշխատավարձի արհեստական բարձրացումներ, հետեւաբար կրճատումներ: Պատգամավորները կառավարության ներկայացուցչին առաջարկեցին հստակեցնել թե այս կազմակերպությունների քանակը, թե գնահատել այս քայլի ֆինանսական ազդեցությունը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով դրական եզրակացություն, առաջարկեց 1-2-րդ ընթերցման ընթացքում հստակեցնել պատկերը՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկանքներ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նախարարի պաշտոնակատարին մեկ անգամ եւս հիշեցրեց հարկային օրենսդրությունը հաճախակի փոփոխելու բացասական ազդեցության մասին՝ առաջարկելով ակտիվացնել ջանքերը Հարկային օրենսգիրքն ամբողջացնելու եւ հարկատուներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, որոնցով սահմանվում է դատախազների՝ հատուկ համազգեստ կրելու կարգը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ գրավոր առաջարկներ չեն ստացվել:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ Հրայր Թովմասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով արական եւ իգական սեռերի ներկայացուցիչների ամուսնության համար Հայաստանում թույլատրելի շեմ է սահմանվում 18 տարին: Հաշվի առնելով հասարակության տարբեր՝ մասնավորապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առաջարկները, որոշակի դեպքերում թույլատրվում է ամուսնություններ գրանցել ավելի վաղ տարիքում: Այս փաթեթի վերաբերյալ եւս գլխադասային՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր. այն ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորները քննարկեցին «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ գործող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտագնա դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները, ուստի ներկայացված նախագծերի փաթեթը կոչված է լրացնելու օրենսդրությունը: Մասնավորապես՝ առաջարկվում է որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

«Արդարադատության ակադեմիայի մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս երկրորդ ընթեցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, նշելով, որ Արդարադատության նորաստեղծ ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ կլուծարվեն ՀՀ Դատական եւ Դատախազական դպրոցները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի ներկայացմամբ օրենսդիրները երկրոդ ընթերցմամբ քննարկեցին «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու կարգին եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը վերաբերում է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, դրանց զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանելուն, դրանք ցանելու կամ աճեցնելու համար պատասխանատվություն սահմանելուն: Օրինագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Ազգային ժողովը քննարկեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հեղինակի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական դատարանի՝ վարչական մարմնի գործողությունը եւ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու հնարավորություն, ինչպես նաեւ անձի՝ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտի բողոքարկման հնարավորություն նաեւ դատավարական իրավունքի խախտման հիմքով:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ Էդմոն Մարուքյանի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու 141-րդ հոդվածի 1-ին մասը կհամապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը դեմ չէ նախագծին, բայց քանի որ օրենսգրքում առկա այս եւ այլ հարցերի վերաբերյալ կառավարությունն արդեն համապարփակ փոփոխությունների նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, հեղինակին առաջարկեց միացնել այդ նախագծերը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, անվիճելի նախագիծ համարեց այն՝ միաժամանակ նշելով, որ ըմբռնումով է մոտենում նաեւ կառավարության առաջարկին:

Եզրափակիչ ելույթում Էդմոն Մարուքյանն առաջարկեց պատեհ պահի քվեարկության դնել եւ կողմ քվեարկել նախագծին:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

«Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ կարեւորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության եւ տեխնիկայի զարգացումն ու տեխնոլոգիական առաջընթացը հանրապետությունում՝ անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը:

Օրենքի ընդունման նպատակը գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառում իրականացվող փորձաքննության իրավական հենքի ապահովումն է, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառում մրցակցային պայմանների ներդրումը: Արդյունքում` հնարավոր կլինի կատարելագործել ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձեւերը, ինչպես նաեւ բարձրացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառի ֆինանսավորման արդյունավետությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը եւ կարեւորելով ներկայացված նախագիծը, տեղեկացրեց, որ հարցով շահագրգիռ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովը նախագծի վերաբերյալ անցկացրել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելով նախգծի վերաբերյալ պատգամավորների եւ տարբեր կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Ազգային ժողովը օրակարգային հարցերի քննարկումը կշարունակի ապրիլի 30-ի նիստում:  

← Վերադառնալ ցուցակին