Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակությանը

29.04.2013

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակությանը, որի կազմում են խմբակցության նախագահ Մարտին Քալանանը, փոխնախագահ Ռըշարդ Լեգուտկոն, բյուրոյի անդամ Վալդեմար Տոմաշեվսկին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ Ռըշարդ Չարնեցկին, ԵԽ պատգամավոր Պավել Ռոբերդ Կովալը:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ խմբակցության նման ներկայացուցչական կազմով Հայաստան այցը հնարավորություն կտա անմիջականորեն ծանոթանալու ինչպես մեր երկրում ընթացող բարեփոխումներին, այնպես էլ տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ ՀՀ իշխանությունների տեսակետներին ու Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընդլայնմանն ուղղված գործընթացներին: Նշելով, որ վերջին տարիներին բավական սերտ համագործակցություն է հաստատվել Եվրախորհրդարանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ, Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ պատվիրակության այցը կնպաստի Եվրախորհրդարան-Ազգային ժողով հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով, Հայաստանի թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունները մեծապես կարեւորելով եվրաինտեգրման գործընթացները, սերտ փոխգործակցություն են հաստատել ԵՄ եւ նրա անդամ երկրների հետ: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների բարեհաջող ընթացքը : Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանում կայացած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, ընդգծելով, որ միջազգային հանրությունը դրանք գնահատել է որպես եվրոպական չափանիշներին համապատասխան :

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատվիրակության ղեկավար, խմբակցության նախագահ Մարտին Քալանանը նշեց, որ խոհրդարանում ունեցած իրենց հանդիպումներից համոզվեցին, որ Ազգային ժողովում տիրում է բազմակարծության մթնոլորտ, ինչը հարիր է խորհրդարանական կառույցին: Նա եւս կարեւորելով ԵՄ-ՀՀ հաստատված սերտ համագործակցությունը, ողջունելի համարեց Հայաստանում արձանագրված առաջընթացը, ինչպես նաեւ՝ զարգացած, լուրջ դերակատար դառնալու մեր երկրի ձգտումները: Այս առումով Մարտին Քալանանը մեծապես կարեւորեց համագործակցության խորհրդարանական ձեւաչափը, ընդգծելով Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում երկխոսության խորացման անհրաժեշտությունը: Պատվիրակության ղեկավարը նշանակալի համարեց նաեւ քաղաքական ուժերի մակարդակով կապերի հաստատումը, տեղեկացնելով, որ իրենց կուսակցությունն արդեն իսկ ուսումնասիրում է հայաստանյան կուսակցությունների հետ համագործակցության հնարավորությունները: Խոհրդարանական ձեւաչափը միջազգային համագործակցության կարեւոր ձեւաչափերից մեկը համարեց նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը : Նա հավաստիացրեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները գտնվում են իրենց պատվիրակության ուշադրության կենտրոնում :

Նշելով, որ Հայաստանում մեծապես կարեւորվում է խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:

ԱԺ նախագահն անդրադարձավ տարածաշրջանային մի շարք հարցերի, մասնավորապես ներրկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանի պատվիրակության տարածաշրջանային այցը մեծապես կնպաստի պատգամավորների իրազեկության բարձրացմանը տարածաշրջանում առկա խնդիրների վերաբերյալ եւ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցող քննարկումների ընթացքում անկողմնակալ դիրքորոշման կայացմանը? ի նպաստ խաղաղության եւ կայունության հաստատման տարածաշրջանում:
Կողմերն անդրադարձան այլ հարցերի եւս : 

← Վերադառնալ ցուցակին