Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց բուհերի ուսանողներին

26.04.2013

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 26-ին հանդիպեց խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող՝ Երեւանի պետական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Կառավարման ակադեմիայի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների ու մագիստրատուրայում սովորողների հետ:

Խորհրդարանի ղեկավարը ողջունեց ուսանողների՝ երկրի օրենսդիր մարմնում փորձառություն ձեռքբերելու ցանկությունը եւ համոզմունք հայտնեց, որ այստեղ ստացած գիտելիքներն ու շփումներն օգտակար կլինեն հետագա անելիքներում կողմնորոշվելու համար: Նշելով, որ տնտեսությունը տարեցտարի դառնում է ավելի գիտելիքահեն՝ Հովիկ Աբրահամյանն ուսանողներին կոչ արեց օգտագործել սովորելու բոլոր հնարավորություններն ու արդյունավետ տնօրինել ժամանակը: ԱԺ նախագահը շատ կարեւոր համարեց երիտասարդության դերակատարությունը քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում՝ որպես օրինակ բերելով խորհրդարանում երիտասարդ պատգամավորների ներգրավվածությունն ու Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը:

Խորհրդարանի ղեկավարն ապագա քաղաքագետների եւ իրավաբանների հետ խոսեց Ազգային ժողովի գործունեության մասին: Հովիկ Աբրահամյանն կարեւորեց խորհդարանական դիվանագիտությունը, որը կարեւոր գործիք է երկրի համար առանցքային խնդիրներն արտաքին աշխարհին ներկայացնելու համար: ԱԺ նախագահն ուսանողներին ներկայացրեց ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու պատկերացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական ապատեղեկատվության եւ նավթադոլարային լոբբինգի դեմ պայքարում են նաեւ խորհրարանական լծակներով՝ տեղեկատվություն եւ փաստեր ներկայացնելով: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱԺ նախագահը համոզված է. Թուրքիան երբեւէ կհասկանա, որ չի կարող այդ փաստը հերքելով կամ հարեւան երկրի հետ սահմանը փակ պահելով հավակնել դառնալ ԵՄ անդամ: ԱԺ նախագահը ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Հովիկ Աբրահանմյանն ուսանողներին անկեղծ զրույցի հրավիրեց, ինչից ոգեւորված էլ ուսանողներն ամենատարբեր հարցերն ուղղեցին ԱԺ նախագահին՝ ներքաղաքական խնդիրներից մինչեւ ԼՂ հարցի հանգուցալուծում ու արտագաղթի դեմ պայքար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կան որոշ բացթողումներ, իշխանություններին տեսանելի է մարդկանց դժգոհությունը: Մայիսին Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվում է հիմնական ընտրությունների փուլը, եւ առաջիկա տարիներին իշխանությունները թե ծրագրեր իրագործելու, թե քաղաքական դաշտում համերաշխության հասնելու եւ միասնաբար երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու լավ հնարավորություն են ստանում: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ կա քաղաքական կամք էական բարեփոխումներ իրականացնելու համար:

Հանդիպման ընթացում խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ զրուցեց Սփյուռքի, կրթության, աշխատատեղերի խնդիրների, սահմանադրական հնարավոր բարեփոխուների եւ այլնի մասին:  

← Վերադառնալ ցուցակին