Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին

25.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ, որին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդների ու աղջիկների այցն Ազգային ժողով՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ համաժողովին մասնակցությունն արդեն իսկ վկայում է նրանց ազգային մտածողության ու հոգեբանության, ազգանպաստ ձեռնարկների ու ազգային ինքնության բարձր գիտակցման մասին: «Հայերենն իմ սրտում է» համաժողովը դիտելով որպես «Արի տուն» համահայկական ծրագրի տրամաբանական շարունակություն, Հովիկ Աբրահամյանը հայապահպանության գործում մեծապես կարեւորեց լեզվի պահպանման խնդիրը: Նա վստահություն հայտնեց, որ համանման հավաքները Էապես նպաստում են հայրենասիրական ոգու ամրապնդմանը, Հայաստանին, նրա պատմությանն ու մշակույթին ծանոթությանը, համատեղ ուժերով հայանպաստ ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահը խորհրդանշական համարեց, որ ապրիլի 24-ին գտնվելով Հայաստանում՝ համաժողովի մասնակիցները հայաստանցի իրեց հասակակիցների հետ միասին ոգեկոչեցին Օսմանյան Թուքիայում ցեղասպանված մեր 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: «Սա մեր համազգային ցավից ծնված համատեղ պայքարի, միասնական քայլերի ու միասնական նպատակի անվերապահ գիտակցումի եւս մեկ վկայություն էր»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները, անդրադարձավ օրենսդիր մարմնի միջազգային համագործակցությանը, Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին, տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Վերջինիս առումով Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծեց հիմնախնդիրը Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնված հայտնի երեք սկզբունքների վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա ներկայացրեց նաեւ ԱԺ-ում կազմավորված Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը՝ ներկաներին կոչ անելով ակտիվ համագործակցություն ծավալել ինչպես ԵԽ-ի, այնպես էլ խորհրդարանական այլ կառույցների հետ: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ հայերենը նրանք ոչ միայն կպահեն իրեց սրտում, այլեւ կգործածեն որպես ե՛ւ լեզու, ե՛ւ զենք, ե՛ւ գաղափարախոսություն՝ ի շահ համայն հայության հզորացման, բազմապատկման, հանուն նրա ապագայի Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին հանգամանալի ու անկեղծ զրույցի համար: Հանդիպման մասնակիցներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին խորհրդարանի ղեկավարի հետ: 

← Վերադառնալ ցուցակին