Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին

24.04.2013

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին` Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու, բարեկամական կապերի ամրապնդման եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար:

Հանձնելով բարձր պարգեւը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Տիբոր Միկուշին ճշմարտությունը վերհանելու եւ պատմական արդարությունը վերականգնելու գործում ունեցած նրա ավանդի համար, քանի որ նաեւ նրա անմիջական ջանքերով եւ ակտիվ մասնակցության շնորհիվ է Սլովակիայի Հանրապետության կողմից ընդունվել Հայոց ցեղասպանությունը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն է հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ հանցագործություն է համայն մարդկության հանդեպ եւ ցեղասպանության՝ որպես ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության չդատապարտումը նշանակում է ոչ միայն չկանխել, այլեւ մեծացնել նմանատիպ ոճրագործությունների կրկնման հավանականությունը:

Շնորհակալություն հայտնելով գնահատվելու եւ բարձր պարգեւի արժանանալու համար` Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը նշեց, որ սա ոչ միայն իր այլեւ իր գործընկերների պարգեւն է, ովքեր Սլովակիայի խորհրդարանում միաձայն կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: Նա բարձր գնահատեց Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները` նշելով, որ այսուհետ եւս կաջակցի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը: 

← Վերադառնալ ցուցակին