Լուրեր

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` եզդիական համայնքի ներկայացուցիչներին

16.04.2013

 Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ժամանակ, ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է եզդիական համայնքին Նոր Տարվա` Տաուսի Մալակի կապակցությամբ և փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը:
Վանո Վարդանյանը նշել է, որ հայերի և եզդիների դարավոր բարեկամությունն այժմ էլ տարբեր նախաձեռնություններով կյանքի է կոչվում մայրաքաղաքի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում: Վանո Վարդանյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ պատրաստ է համագործակցել ու աջակցել եզդիական համայնքի ներկայացուցիչներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ եզդիական համայնքի անդամներն ընդգծել են, որ Երևանն իրենց համար դարձել է մշակութային կենտրոն, ուր ստեղծված են եզդիների ազգային նկարագիրը պահելու բոլոր պայմանները: Միության անդամ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` եզդիների մշակութային կենտրոնի բացմանը աջակցելու պատրաստակամության համար և վստահեցրել, որ եզդիական համայնքը մշտապես պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ մայրաքաղաքի հասարակական ու մշակութային կյանքում:

← Վերադառնալ ցուցակին