Լուրեր

«Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

15.04.2013

Ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի, պետական կառավարման տարբեր մարմինների, միջազգային եւ հայաստանյան մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, հայ եւ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական լսումների թեման խիստ արդիական է, ինչը նախ եւ առաջ պայմանավորված է բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման եւ պետության անվտանգության, երկրի ժողովրդավարական զարգացումների միջեւ առկա ուղղակի կապով:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ ուժային կառույցների քաղաքացիական վերահսկողությունը, հասարակական իրազեկվածությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային վստահությունը բարձրացնելու եւ դրանք իրատեսական ու գործնական հիմքերի վրա դնելու առումով Ազգային ժողովում նոր մշակույթ է ձեւավորվում: Հենց այս խնդիրներին են ուղղված երկու խորհրդարանական լսումները եւ միջազգային սեմինարը, որոնք տեղի կունենան առաջիկա երեք օրերի ընթացքում:

Անդրադառնալով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ կարեւոր խնդրի իրականացումը չի կարելի դիտարկել միակողմանիորեն: Այդ կապն ակտիվացնելու համար պահանջվում է մի կողմից հասարակական շահագրգիռ ներգրավվածություն, մյուս կողմից հասարակությանը հուզող խնդիրներին պետական կառույցների արձագանքման, դրանց լուծումներ տալու պատրաստակամություն: Հենց այդ նպատակով էլ լսումներին հրավիրված են այդ խնդրով շահագրգիռ պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ գտնելու բանակ-հասարակություն կապի ամրապնդման արդյունավետ մեխանիզմները: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական լսումների առաջին նիստում խնդիրը ներկայացվելու է ինստիտուցիոնալ ու բարեփոխումների առաջնահերթությունների տեսանկյունից, իսկ երկրորդ նիստում լսելու են քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ խորհրդարանական լսումների թեման, արդիական լինելուց զատ, նաեւ շարունակական զարգացման միտում ունի, քանզի ժողովրդի ջանքերով ստեղծված բանակը միշտ պետք է նրա կողքին լինի, իսկ հասարակությունը պետք է սատարի բանակի հզորացմանը: Բանակը ի վիճակի պետք է լինի քայլել հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց, քանզի բանակի սոցիալական հենքը հասարակության բոլոր շերտերն են: Ըստ նրա՝ զինված ուժերի հասարակական վերահսկողությունը ոչ միայն սահմանադրական դրույթ է, այլեւ հասարակական կարեւոր պահանջ: Այս առումով, նախարարի գնահատմամբ, նախընտրելի է, որ գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման նախաձեռնողը նախարարությունը լինի, եւ ոչ թե հասարակությունը պարտադրի նրան՝ կատարելու այս կամ այն անհրաժեշտ քայլը: Նախարարն իր այդ մոտեցումը բացատրեց նրանով, որ փակ համակարգը միշտ էլ հանգեցնում է բացասական դրսեւորումների: Խոսելով վստահության վերականգնման մասին՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ այն միանշանակ չէ. օրինակ՝ «դեղին» մամուլի գնահատականներով չի կարելի պատկերացում կազմել վստահության չափի մասին: Միաժամանակ, ըստ նրա, հասարակությունը պետք է գիտակցի եւ չչարաշահի տեղեկացված լինելու իր իրավունքը՝ պայմանավորված բանակի պրոֆեսիոնալ առանձնահատկությամբ: Նախարարի գնահատմամբ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման լավագույն ձեւը Պաշտպանության նախարարության՝ իրեն վերապահված խնդիրների պատշաճ իրականացումն է: Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ բանակում հանդիպող բացասական դրսեւորումներին, դրանց հասարակական գնահատականներին, նախարարության համարժեք արձագանքին, դրա արդյունքում շատ հարցերի օպերատիվ լուծումներին կամ կանխարգելմանը:

Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում անընդհատ զարգանում է ժողովրդական վերահսկողության մշակույթը: Նա զինված ուժերի վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար կարեւորեց երեք պայման՝ թափանցիկությունը, հաշվետու լինելը եւ հակակշիռ ուժերի կիրառումը հատկապես խորհրդարանի միջոցով:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը Հայաստանի հասարակության ու բանակի սերտ համագործակցության կարեւորությունը պայմանավորեց Հայաստանի տարածաշրջանային դիրքով ու գոյություն ունեցող մարտահրավերներով: Նա ներկայացրեց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եռակողմ համագործակցության ձեւերն ու արդյունքները:

ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը անդրադարձավ բանակի կանոնադրական ու իրավական հարաբերություններում տեղ գտած թերությունները կանխելուն ուղղված միջոցառումներին եւ իրականացվող ծրագրերին:

ԶՈՒԺՎ Ժնեւի կենտրոնի ասոցացված ավագ գիտաշխատող Վալերի Ռատչեւը նկատեց, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները միայն զինվորականությանը չեն վերաբերում, այլ ողջ հասարակությանը, քանի որ բոլոր ոլորտներում կառավարումն ընթանում է սոցիալական պայմանագրային հիմքով. հասարակությունը տարբեր մեխանիզմներով ընտրում է ղեկավար, որը պետք է ապահովի նրա անվտանգությունը, ուստի հասարակության եւ կառավարում իրականացնողների կապը անընդհատ գործընթաց պետք է լինի: Նա զուգահեռներ անցկացրեց հասարակություն-իշխանություն կապի հայաստանյան իրողությունների եւ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձի միջեւ եւ խորհուրդ տվեց սովորել ուրիշների սխալները չկրկնելով եւ միայն առաջավոր փորձը յուրացնելով:

ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդումը կարեւորեց զինված ուժերի արդյունավետության եւ պետական անվտանգության տեսանկյունից: Ըստ նրա՝ քաղաքացիական վերահսկողության իրականացումը ժողովրդավարության գերակա խնդիր է եւ համակարգված քաղաքականություն, գերատեսչությունների սերտ համագործակցություն է ենթադրում: Նա ներկայացրեց այս ոլորտում ինստիտուտի նախաձեռնություններն ու կատարած քայլերը:

Խորհրդարանական լսումների երկրորդ նիստում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը քաղաքացիական հասարակության տեսանկյունից ներկայացրեց խորհրդի կատարած աշխատանքները, որոնք ուղղված են բանակում հանդիպող կանոնադրական պահանջների խախտման դեպքերը կանխելուն:

Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը նշեց, որ երկրապահն այն կառույցն է, որը «ժողովրդի ծոցից է դուրս եկել» եւ կարեւոր դեր կատարել հայոց բանակի ձեւավորման գործում, ուստի երկրապահը շահագրգռված է բանակ-հասարակություն կապերի ամրապնդմամբ: Նրա գնահատմամբ՝ երբ խոսում են բանակում առկա թերությունների մասին, դրանց արմատները պետք է փնտրել հասարակության մեջ. բանակը հասարակության հայելին է, ուստի այդ կապն ամրապնդելու համար պետք համապարփակ ծրագրեր իրականացնել:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը անդրադարձավ զինծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերին, զինվորների կենսապահովման խնդրին, բանակում նկատվող կոռուպցիոն ռիսկերին, զինծառայողների առողջական խնդիրներին, զորակոչիկների պիտանելիության հարցին՝ նկատելով, որ դրանց արդյունավետ լուծումը դեռ շատ ջանք ու հետեւողական աշխատանք է պահանջում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն անդրադարձավ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, հանրային իրազեկման բարձրացման անհրաժեշտությանը: Նրա գնահատմամբ՝ շատ հասարակական կազմակերպություններ, որոնք համագործակցում են պետական մարմինների հետ, հաճախ են անտեսում միջազգայնորեն ընդունված նորմերը:

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը խոսեց զինված ուժերի փոխակերպման սոցիալական գործոնների մասին: Նրա գնահատմամբ՝ հաճախ հասարակությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է բանակում առկա խնդիրների լուծմանը, քանի որ դրանց զգալի մասը հասարակությունն է ծնել: Արթուր Աթանեսյանը բանակի կոնֆլիկտային իրավիճակը պայմանավորեց հասարակության կոնֆլիկտային բարձր մակարդակով եւ մատնանշեց դրանց կանխարգելման միջոցառումների ձեւերը:

ԶՈՒԺՎ Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին գոհունակությամբ նշեց, որ խորհրդարանական այս լսումները ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Ժնեւի կենտրոնի միջեւ ստորագրված հուշագրի լավագույն արդյունքն է, եւ հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը շարունակական ու արդյունավետ կլինի նոր նախաձեռնություններով: Նրա գնահատմամբ՝ հասարակություն-բանակ հարաբերությունների ակտիվացումը պայմանավորված է բազմաթիվ՝ սոցիալական, արժեհամակարգային, հոգեբանական, կառավարմանն առնչվող հանգամանքներով: Ֆիլիպ Ֆլուրին խորհրդարանական վերահսկողությունը կարեւոր գործիք համարեց հասարակություն-բանակ կապերի ամրապնդման գործում, իսկ հասարակական կազմակերպությունների ներգրավումը՝ անհրաժեշտ պայման:

Ելույթ ունեցողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր առաջարկները հաշվի կառնվեն այս ոլորտում գործնական քայլեր մշակելիս, խորհրդարանական վերահսկողություն իրականացնելիս, ինչպես նաեւ օրենսդրական բարեփոխումներ կատարելիս:

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 16-ին, ժամը 9.00-ին Ազգային ժողովում կմեկնարկի «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը: 

← Վերադառնալ ցուցակին