Լուրեր

Հ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին

11.04.2013

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին:
Ողջունելով պարոն Շվարցենբերգին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ Հայաստանը հետապնդում է Արեւելյան գործընկերության շրջանակներում: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ գործընկերային հարաբերություններ են հաստատվել երկու երկրների խորհրդարանների միջեւ` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: ԱԺ նախագահը կարեւորեց փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Շվարցենբերգը գուհունակությամբ նշեց, որ Հայաստան-Չեխիա համագործակցությունը վերելք է ապրում, ինչը դրսեւորվում է քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությամբ: Նա նույնպես կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական հարցերին, հետընտրական գործընթացներին: Չեխիայի արտգործնախարարը կարեւոր համարեց, որ բոլոր միջազգային կառույցները բարձր գնահատական են տվել հայաստանյան նախագահական ընտրություններին եւ հույս հայտնեց, որ դիտորդների կողմից արձանագրված որոշակի թերությունները կշտկվեն:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային հարցերի, երկուստեք շեշտելով, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: 

← Վերադառնալ ցուցակին