Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետին
10.04.2013
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստան-Սլովակիա կապերը ակտիվ զարգանում են եւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ փոխադարձ շփումները: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ համագործակցության ոլորտում: Պարոն Աբրահամյանի խոսքով` արդեն ավարտվել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ ակնկալվում է եզրափակել գործընթացը մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը: Հաջողությամբ են ընթանում նաեւ Խորը եւ ազատ առեւտրի գոտու դրույթների շուրջ բանակցությունները:
Պարոն Լայչակը կարեւորեց Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական փոխգործակցության խթանումը: Նա ընդգծեց ազգային խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման կարեւորությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Սլովակիայի փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական կապերի ակտիվացմանը կնպաստի բարեկամական խմբերի ու հանձնաժողովների համագործակցությունը եւ նշեց, որ Սլովակիայի խորհրդարանում գործում է 19 անդամ ունեցող Սլովակիա-Հայաստան բարեկամության խումբ: Նա բարձր գնահատեց եվրաինտեգրման գործընթացում Հայաստանի գրանցած հաջողությունները եւ համոզմունք հայտնեց, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափը այս հարցում լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար:Երկուստեք կարեւորվեց համաործակցության խորացումը միջազգային կառույցներում:
Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին, կողմերը ընդգծեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների ճանապարհով: