Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուի հետ

10.04.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն:
Ողջունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար. <<Համագործակցության համատեքստում մեր առաջին քայլը մտադրությունների հուշագրի ստորագրումն էր: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի, ինչպես նաև փորձի փոխանակման իրականացումը քաղաքային տնեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում: Մենք բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Բուխարեստի, այլև ռումինական այլ քաղաքների հետ ևս>>, - նշել է Տարոն Մարգարյանը:
Բուխարեստի քաղաքապետն իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. <<Ընդամենը մի քանի օր է, ինչ Երևանում եմ և արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով, զարգացման տեմպերով ու մաքրությամբ: Ինձ առանձնակի հիացրեց բնակիչների դրսևորած ջերմ վերաբերմունքը Ձեր հանդեպ, ինչի ականատեսը եղա Ձեզ հետ միասին գիշերային Երևանով շրջելիս: Դա ամենախոսուն վկայությունն է առ այն, որ Երևանի քաղաքապետն իրոք աշխատում է հանուն իր քաղաքի բնակիչների: Դա ամենաբարձր գնահատականն է, որ կարող է ունենալ պաշտոնյան>>, - ընդգծել է Սորին Միրչեա Օպրեսկուն:
Հաշվի առնելով, որ մեծ քաղաքների խնդիրները մեծամասամբ նույնական են, Բուխարեստի քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև գործակցությունը կլինի արդյունավետ և զգալիորեն կնպաստի բարեկամ քաղաքների բնակչությանը հուզող խնդիրների արագ կարգավորմանն ու լուծմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է գործընկերոջը, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է օժանդակելու նաև ռումինացի գործարարներին՝ Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:
Ստորագրված հուշագրով նախատեսված ծրագրերին առավել առարկայական ընթացք տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կմշակի աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:

← Վերադառնալ ցուցակին