Լուրեր

Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք

08.04.2013

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն անցկացված <<Ձեզ համար, կանայք>> առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ են դիմել շուրջ 4800 կանայք։ Ակցիայի անցկացման 30 օրերի ընթացքում անվճար բուժծառայություն ստացած, այդ թվում նաև վիրահատված կանանցից բացի, դեռևս կան նաև հերթագրվածներ։ Հանձնարարվել է ակցիան ամբողջությամբ ավարտել հերթագրված բոլոր կանանց նախատեսված բուժծառայությունները լիարժեքորեն տրամադրելուց հետո միայն։
Ապրիլի 7-ից, նաև եղանակային բարենպաստ պայմաններով պայմանավորված, մայրաքաղաքում գործարկվել են շատրվանները։ Հանձնարարվել է ամենօրյա հետևողական հսկողություն սահմանել շատրվանների և, ընդհանրապես, բոլոր ջրային կառույցների անխափան շահագործման ուղղությամբ:
Մայրաքաղաքում մեկնարկած փողոցների ու բակային տարածքների ասֆալտապատման տարեկան ծրագրի հետ կապված՝ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, տեխնիկական չափորոշիչները վերահսկող մասնագետների աշխատանքին զուգահեռ, ամենօրյա հսկողություն սահմանել ասֆալտապատման աշխատանքների որակի ու ժամանակացույցի նկատմամբ։ Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել 2012թ. կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում հայտնաբերված թերություններն ասֆալտապատող կազմակերպությունների միջոցներով արագ վերացնելու համար։ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել մայթերին ու սիզամարգերին ավտոմեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ։
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ այս շաբաթվա ընթացքում իրականացվելու է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը համալրող ևս 7 երթուղիների սպասարկման համար մրցույթ։ Հանձնարարվել է հետևողական լինել երթուղիների սահմանված ժամանակացույցի պահպանման հարցում:
Մայրաքաղաքի տրանսպորտային ցանցում շարունակվում է WiFi համակարգի ընդլայնումը։ Ընթացքի մեջ են ևս 100 ավտոբուսներում GPS սարքերի տեղադրման աշխատանքները։
Բակերի բարեկարգման ծրագիրն ավելի ամբողջական ու համակարգված իրականացնելու նպատակով հանձնարարվել է կամարանցումների նկարազարդման ծրագիրը կատարել բակերի բարեկարգմանը զուգահեռ։ Զեկուցվել է, որ արդեն ընթացքում են էսքիզների քննարկումները։
16-րդ թաղամասում ևս մեկ շենք է գազիֆիկացվել։ Զեկուցվել է, որ մեկ այլ շենքում ավարտվել են օդափոխության ուղիների ապահովման աշխատանքները և ևս երկու շենք պատրաստ է գազիֆիկացման։
Ապրիլի 14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ անհրաժեշտ քանակության ու տեսակի ծառերն արդեն Երևանում են։ Հանձնարարվել է ծառերը բաշխել նաև պետական ու մասնավոր այն բոլոր կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են աջակցելու Երևանի կանաչապատմանը։

← Վերադառնալ ցուցակին