Լուրեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հյուրընկալել է Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

06.04.2013

 Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իպեկի գլխավորած պատվիրակությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին, Կամո Արեյանը նշել է, որ Երևանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, և նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես է գալիս մշակութային և այլ նախաձեռնություններով:
<<Երևանը տարբեր մակարդակներում բազմաթիվ կապեր ունի աշխարհի մի շարք պետությունների քաղաքների հետ: Մենք ուրախ ենք Երևանում Ձեզ հյուրընկալելու համար, և կարծում եմ, որ մշակութային երկխոսությունը կարող է նաև այլ ոլորտներում համագործակցելու լավ ազդակ հանդիսանալ>> ,- նշել է Կամո Արեյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալ Հեֆիզա Իպեկն էլ իր հերթին նշել է, որ Դիարբեքիրում մեծամասնություն կազմող քրդական համայնքը տեղի հայերի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանում՝ ընդգծելով, որ հայերը շատ ակտիվ դերակատարում ունեն Դիարբեքիրի քաղաքական և տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ վերջերս էլ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
<<Մենք հայերին միշտ էլ վերաբերել ենք որպես բարեկամ ժողովրդի և վստահ ենք, որ մեր շփումները կարող են լավ հեռանկար ունենալ>> - նշել է Հեֆիզա Իպեկը:

← Վերադառնալ ցուցակին