Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Հայաստանի խուլերի միավորման կին անդամներին
05.04.2013
Հայաստանի կույրերի միավորման շենքում կազմակերպված Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպմանը հետևելու շտապող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չմերժելով Հայաստանի խուլերի միավորման նախագահի հրավերը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին մասնակցել է միավորման անդամների նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը:
Ողջունելով ներկաներին, քաղաքապետը շնորհավորել է կանանց գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
<<Ինձ հետ այստեղ է նաև Ստեփանակերտի քաղաքապետը, և ես իմ ու իմ գործընկերոջ անունից միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որոնք հնչել են այս մեկ ամսվա ընթացքում, և մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ, սիրելի մայրեր, քույրեր և կանայք, մաղթում եմ ամենայն բարիք>>, - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի խուլերի միավորման նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ինչպես հրավերը չմերժելու, այնպես էլ միավորմանը ցուցաբերած մշտական հոգածության համար: